13:11  ,  1 նոյեմբերի, 2014

«Բավարիա» - «Բորուսիա». Գերմանական «Կլասիկոյին» ընդառաջ

Նոյեմբերի 1-ին գերմանական «Կլասիկոն» է: Մյունխենի «Բավարիայի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» հայտնի հակամարտությունը շարունակվում է: Այս անգամ թիմերի տիտղոսային կարգավիճակն առավել, քան երբեւէ համապատասխանում է «Կլասիկոյին»: «Բավարիան» չեմպիոնն է, «Բորուսիան» փոխչեմպիոնը:

Օգոստոսին կայացած Գերմանիայի Սուպերգավաթի խաղում էլ «Բորուսիան» գեղեցիկ հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Տիտղոսային կարգավիճակները համապատասխանում են, սակայն մրցաշրջանի մեկնարկը Բունդեսլիգայում «Բորուսիան» տապալել է: Միակ ներշնչանքը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում անպարտելի շարքն է՝ երեք անընդմեջ հաղթանակ:

«Բորուսիայի» ճգնաժամը

Շատերը կդժվարանան հիշել այն օրերը, երբ Դորտմունդի «Բորուսիայի» վիճակը  նույնքան ծանր էր, որքան այսօր: Սակայն 1987 թվականին «Բորուսիան» եղել է մրցաշարային աղյուսակի նույնիսկ 16-րդ տեղում:  Չնայած դրան, հենց «Բավարիայի» հետ հանդիպումը ունեցավ հաղթական ավարտ դորտմունդցիների համար (3:1):  

Այժմ «Բորուսիան» գտնվում է 15-րդ տեղում՝ վերջին 29  տարիների վատագույն արդյունքը: Նախկինում դորտմունդցիների գործերը ավելի վատ եղել են միայն երկու մրցաշրջաններում՝ 1984-85, 1985-86 թվականներին: Գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի օրոք թիմը երբեք այսքան վատ վիճակում չի եղել մրցաշարային աղյուսակում: Չորս անընդմեջ պարտություն առաջնությունում «Բորուսիան» նախորդ անգամ ունեցել էր 2000 թվականին, երբ դարձյալ Բունդեսլիգայում դուրս մնալու վտանգի տակ էր:

Ռոբերտ Լեւանդովսկու հեռանալն ու բազմաթիվ վնասվածքները ենթադրում էին ծանր մեկնարկ, սակայն 9 խաղում 7 միավոր ոչ ոք չէր համարձակվի կանխատեսել: Խաղերի ընթացքն էլ հուշում է, որ ֆիզիկական, ֆունկցիոնալ խնդիրներն արդեն հետք են թողնում թիմի հոգեբանության վրա: Վկայությունը անցած տուրում «Համբուրգի» հետ հանդիպումն էր: Տուգանայինից գնդակ բաց թողնելուց հետո «Բորուսիան» կամային որակներ չդրսեւորեց եւ բեկել ընթացքը չկարողացավ: Կոլեկտիվ խաղի առավելությունը թիմը կորցրել է, նախկին խաղացվածությունը չկա, նորեկները դեռ չեն արդարացնում:

Այս բոլոր խնդիրների լուծումը պետք է գտնի Յուրգեն Կլոպը, որին Գերմանիայում եւ Դորտմունդում շատ են սիրում: «Բորուսիայում» բազմիցս ակնարկել են, որ նա ցմահ ժամկետ ունի ակումբում՝ այդչափ սիրում, հարգում եւ վստահում են մասնագետին: 

Կլոպի օրոք գրանցված հաջողությունը

2008-ին «Մայնցից» «Բորուսիա» տեղափոխված Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ դորտմունդյան թիմը շարունակական վերելքի մեջ էր՝ Գերմանիայի երկու չեմպիոնություն, հաղթանակ գավաթի խաղարկությունում, երկու սուպերգավաթ, Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: 

«Բավարիայի» եւ «Բորուսիայի» վերջին ութ հանդիպումներից միայն մեկում են դորտմունդցինեը պարտությամբ լքել խաղադաշտը՝ 0:3, 2013/14 մրցաշրջանում: Նախորդ ութ խաղերի ընթացքում «Բավարիան» միայն չորսի ժամանակ է կարողացել գրավել դորտմունդցիների դարպասը: Իսկ դորտմունդցիների արդյունքն անհամեմատ տպավորիչ է. վերջին 12 խաղերից միայն մեկի ընթացքում նրանց չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը:

«Բավարիան» մրցակցին գերազանցելու տարբերակներից գտավ թերեւս ամենահեշտը: Դորտմունդցիների եւ մյունխենցիների բազմամյա հակամարտությունն առավել սրվեց, երբ «Բավարիան» սկսեց աչք դնել «Բորուսիայի» առաջատարների վրա. Մարիո Գյոտցեի տեղափոխությունը «Բավարիա» «Բորուսիայի» երկրպագուները որակեցին դավաճանություն, սակայն դա չխանգարեց, որ նրա օրինակին հետեւի նաեւ Ռոբերտ Լեւանդովսկին:

Այժմ էլ լուրեր են շրջանառվում, որ մյունխենցիները հետաքրքրված են Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսով: Ռիբերին ու  Ռոբենը մոտ են վետերանի տարիքին, եւ Ռոյսը հրաշալի համալրում կլինի «Բավարիայի» համար: Ֆինանսական եւ իմիջային հնարավորություններով Գերմանիայում անգերազանցելի ու եվրոպական առաջատարների հետ մրցակցող «Բավարիայի» համար «Բորուսիային» այդ հարցում գերազանցելը բարդ խնդիր չէ: Վատցկեին եւ Կլոպին մնում է միայն արդար պայքարի կոչեր անել հզոր մրցակցին, սակայն ֆուտբոլային բիզնեսում եւս անձնական ոչինչ չկա: Շուկայական օրենքներ են:

Մրցաշարային վիճակը

«Բավարիան» 9 խաղում տարել է 6 հաղթանակ, երեք հանդիպում ավարտել է ոչ ոքի, ոչ մի պարտություն չի կրել: 21 գնդակ է խփել, բաց է թողել միայն երկուսը: Թիմը 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սակայն նրան վստահորեն հետապնդում են 17-ական միավոր վաստակած Մյոնխենգլադբախի «Բորուսիան», «Վոլֆսբուրգն» ու «Հոֆենհայմը»:

Դորտմունդի «Բորուսիան» 7 միավորով 15-րդ տեղում է եւ միայն մեկ տեղ է առաջ Բունդեսլիգայից դուրս մնալու գոտուց: Ավելի վատ արդյունք ունեն «Համբուրգը», «Ֆրայբուրգը» եւ «Վերդերը»:

Ի՞նչ են ասում մարզիչները

Յուրգեն Կլոպը դրվատանքով է վերաբերվում «Բարսելոնայում» գրեթե  պաշտամունքային դարձած Պեպ Գվարդիոլային «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում: Գերմանիայում այժմ բոլորն են դրվատանքի խոսքեր շռայլում Գվարդիոլային, որը վերջապես կարողացավ ազատվել կատալոնական «տիկի-տակայից»: «Բավարիան» վերադառնում է գերմանական սառը, ագրեսիվ, հաշվենկատ ֆուտբոլին:

«Պեպ Գվարդիոլան անզուգական թիմ է հավաքել, սակայն, բարեբախտաբար, չկան անպարտելի մրցակիցներ: Ամեն ինչ կախված է օրվանից, կաշխատենք ամեն ինչ առանց պատերազմ հայտարարելու անել: Մենք բավականաչափ երկար ժամանակ ենք ֆուտբոլ խաղում՝ իմանալու, թե ինչպես է պետք խաղալ շաբաթ օրը», - ասել է Յուրգեն Կլոպը:

Իսկ այն հարցին, թե ինչպիսին է հոգեբանական վիճակը թիմում եւ  տրամադրվածությունն առաջիկա խաղին, Կլոպը ժպտալով նշել է, որ «չնայած ներկա բավական բարդ զարգացումներին՝ տղանեը թեւաթափ լինելու պատճառ չունեն եւ պատրաստ են նոյեմբերի 1-ի մարտահրավերներին եւ պետք է ձգտեն վերադարձնել երկրպագուների հավատը»: Կլոպը նաեւ ընդունել է, որ մարտահրավեր կլինի Ռոբերտ Լեւանդովսկու հետ դիմակայությունը: Լեհ ֆուտբոլիստը բոլորից լավ գիտի Կլոպի գաղտնիքներն ու «Բորուսիայի» ուժեղ եւ թույլ կողմերը:

Խոսեպ Գվարդիոլան «Բորուսիայի» ճգնաժամային վիճակը չի համարում առանցքային գործոն այսօրվա դիմակայությունում եւ սպասում է չափազանց բարդ հանդիպում.

«Ես վերլուծել եմ վիճակը եւ կարծում եմ, որ «Բորուսիան» մրցունակ է անկախ այն բանից, թե ինչ ճգնաժամում է գտնվում: Մեր երկու ակումբների դիմակայությունը հավերժականների շարքից է: Այս հանդիպումը շատ կարեւոր է մեզ համար: «Բորուսիայի» համար եւս այն չափազանց կարեւոր է: Հենց այդ պատճառով էլ կարծում եմ, որ նրանք կցուցադրեն իրենց լավագույն ֆուտբոլը»: 

Բուքմեյքերների կանխատեսումը

Բուքմեյքերները չեն կասկածում «Բավարիայի» հաղթանակին՝ 1.40: Ոչ ոքին գնահատվում է 4.40, իսկ հյուրերի հաղթանակը՝ 6.50:

Հավանական մեկնարկային կազմերը

«Բավարիա» (3-4-2-1). Մանուել Նոյեր – Մեհդի Բենատիա, Ժերոմ Բոատենգ, Դավիդ Ալաբա – Ռաֆինյա, Ֆիլիպ Լամ, Խաբի Ալոնսո, Խուան Բերնատ – Թոմաս Մյուլեր, Մարիո Գյոտցե – Ռոբերտ Լեւանդովսկի:

«Բորուսիա Դ (4-3-2-1). Ռոման Վայդենֆելեր – Լուկաշ Պիշչեկ, Նեւեն Սուբոտիչ, Մատս Հումելս, Սոկրատիս Պապաստատոպուլոս – Հենրիխ Մխիթարյան, Սեբաստիան Կել, Քեւին Գրոսկրոյց – Սինձի Կագավա, Մարկո Ռոյս – Պյեր-էմերիկ Օբամեյանգ:

Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի «Բավարիա» (Մյունխեն) - «Բորուսիա» (Դորտմունդ) հանդիպումը 21:30-ին է (Երեւանի ժամանակով):

Պատրաստեց Ուրսուլա Շիքսը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով