19:09  ,  31 հոկտեմբերի, 2014

Արսեն Ջուլֆալակյանը պարգեւատրվեց ԵՊՀ հուշամեդալով

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պարգեւատրվել է ԵՊՀ հուշամեդալով: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ Արսեն Ջուլֆալակյանն այս  անգամ համալսարան էր եկել ոչ թե որպես սովորող, այլ որպես մարզիկ, ում շնորհակալություն հայտնեցին հաղթանակով վերադառնալու համար, հայտնում են ԵՊՀ լրատվության վարչությունից:

«Արսենն առաջին կուրսից աչքի է ընկել իր ուսումնատենչությամբ: Մարզումներն ու մրցումները,  ինչ խոսք, դժվարին ու ծանր են եղել, սակայն նա բարեխղճորեն մասնակցել է բոլոր դասերին եւ քննություններին միշտ պատրաստ ներկայացել: Հիշում եմ՝ Եվրոպայի առաջնությունում հաղթած Արսենը եկավ քննություն հանձնելու, ես ասացի, որ իր ամենամեծ քննությունն արդեն հանձնել է, իսկ նա պնդեց եւ գերազանց պատասխանեց հարցատոմսի բոլոր հարցերին»,- չեմպիոնի հետ հանդիպման ընթացքում նշել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը:

Արսեն Ջուլֆալակյանը մեկ անգամ արդեն հասցրել է ԵՊՀ ոսկե մեդալով պարգեւատրվել 2009-ին, երբ նա նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Իսկ այս անգամ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նրան հանձնեց հուշամեդալ, որը սովորաբար շնորհվում է ակնառու հաջողությունների հասած անհատներն: Նա ԵՊՀ-ում առաջին սովորողն է, ով ստացավ այդ մեդալը:

«Ես հպարտ եմ որպես ռեկտոր, որպես մանկավարժ, որպես հայ մարդ, որ մենք Արսենի նման  երիտասարդ ունենք: Աշխարհում ձեւավորված թյուր կարծիք կա, որ հատկապես սպորտի բնագավառում հաջողության հասած մարդիկ բավարարվում են միայն դրանով եւ իրենց ունակություններն այնքան են ուղղում սպորտին, որ այլեւս բան չի մնում ստեղծագործական այլ բարձունքների հասնելու համար: Արսենն այն եզակիներից է, ով գալիս է հերքելու այդ տեսակետը: Նա իր կամքի շնորհիվ է հասել հաջողությունների եւ՛ կրթության, եւ՛ սպորտի բնագավառներում՝ ոչ մեկից ոչինչ չխնդրելով»,- նշել է ԵՊՀ ռեկտորը:

«Ուրախ եմ, որ այստեղ ներկա են մարդիկ, որոնց հետ ես անցել եմ իմ ուղին, նրանք այդ ամենի վկան են: Այսօր կրկնակի ուրախ եմ, որ արդեն աշխարհի չեմպիոնի կարգավիճակում եմ պարգեւ ստանում: Վստահեցնում եմ, որ այս պարգեւներն ինձ համար նույնքան կարեւոր են, որքան սպորտայինները: Թեպետ դրանք իրարից շատ տարբեր ոլորտներ են, բայց երկուսում էլ հաջողության են հասնում աշխատասիրության եւ կամքի շնորհիվ»,- շնորհակալություն հայտնելով ստացած պարգեւի համար՝ ասել է Արսեն Ջուլֆալակյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում