16:24  ,  26 հոկտեմբերի, 2014

Շիրոկովը փրկեց «Սպարտակին», Յուրա Մովսիսյանը վերադարձավ խաղադաշտ

«Սպարտակը» եւ «Լոկոմոտիվը» խաղաղությամբ բաժանվեցին ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի խաղում: «Սպարտակի» «Օտկրիտիե Արենա» ստադիոնում կայացած մոսկովյան դերբին հարուստ չէր գոլային պահերով, բայց ավարտվեց 1:1 հաշվով:

Խաղի հաշիվը 84-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացեց փոխարինման դուրս եկած պորտուգալացի կիսապաշտպան Մանուել Ֆերնանդեշը, սակայն «Լոկոմոտիվին» չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: 87-րդ րոպեին դաշտի տերերի պատասխան գոլը խփեց Ռուսաստանի հավաքականի ավագ Ռոման Շիրոկովը, ով դուրս էր եկել փոխարինման եւ նորամուտը նշեց «Սպարտակի» կազմում:

71-րդ րոպեին փոխարինման մտավ նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վնասվածքից հետո առաջին անգամ էր հայտավորվել «Սպարտակի» կազմում եւ առաջին խաղն անցկացրեց այս մրցաշրջանում: Վնասվածքից վերականգնվող Արաս Օզբիլիսի անունը բացակայում էր «Սպարտակի» հայտացուցակից: 

Բաշկիրիայի «Ուֆան» տանը 3:3 հաշվով ավարտեց խաղը Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ, որը պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում: «Ուֆայի» մեկնարկային կազմում ամբողջ խաղին մասնակցեց Դենիս Թումասյանը, իսկ Նիկոլայ Սաֆրոնիդին խփեց Բաշկիրիայի թիմի երրորդ գոլը:

Ռուսաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Սպարտակ» - «Լոկոմոտիվ»՝ 1:1

Ռոման Շիրոկով, 87 – Մանուել Ֆերնանդեշ, 84

«Ուֆա» - ԲԿՄԱ՝ 3:3

Բրաուն Ֆորբս, 12, Մաքսիմ Սեմակին, 50, Նիկոլայ Սաֆրոնիդի, 87 – Վասիլի Բերեզուցկի, 43, Բիբրաս Նատխո, 59 (11մ.), 90+4 (11մ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս