01:20  ,  26 հոկտեմբերի, 2014

Դորտմունդի «Բորուսիան»` վտանգավոր եզրագծին (ֆոտոշարք)

Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայում գլորվում է անդունդը: Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում հաղթանակը դորտմունդցիների համար նույնքան կարեւոր էր լինելու, որքան հանովերցիների համար: Սա 27 տարիների ընթացքում «Բորուսիայի» ամենավատ մեկնարկն է Բունդեսլիգայում:

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արտագնա խաղում Ստամբուլի «Գալաթասարայի» նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակից հետո բոլորի ակնկալիքներն այլ էին «Բորուսիայից», սակայն հերթական անգամ դորտմունդցիները մեծ հիասթափություն ապրեցին: Հիրոշի Կիյոտակեի հաղթական գոլը «Բորուսիային» դատապարտեց խաղաշրջանի 6-րդ եւ չորրորդ անընդմեջ պարտությանը:

Կազմերը

«Բորուսիա».  Վայդենֆելեր, Պիշչեկ, Սուբոտիչ, Հումելս, Դուրմ (Սոկրատիս, 77), Բենդեր, Գյունդոգան (Կագավա, 66), Մխիթարյան, Օբամեյանգ, Ռոյս, Ռամոս (Իմոբիլե, 77):

«Հանովեր». Ցիլեր, Շուլց, Ֆելիպե, Մարսելո, Ստանկյավիչուս (Խիրշ, 72), Գյուլսելամ, Շմիդեբախ, Բիտենկուրտ, Կիյոտակե (Սոբեհ, 73), Բրիան (Շլաուդրաֆ, 90+4), Խոսելու:

Խաղի ընթացքը

«Բորուսիայի» մեկնարկային կազմ էին վերադարձել Դուրմը, Գյունդողանը եւ Ռամոսը՝ Կագավայի, Կելի եւ Սոկրատիսի փոխարեն: Հետաքրքրական է նաեւ, որ «Բորուսիան» խաղին ներկայացել էր Չեմպիոնների լիգայի համազգեստով, հավանաբար, այն պատճառով, որ գործերն այնտեղ անհամեմատ լավ են:

Դորտմունդցիներն արդեն խաղասկզբում փորձեցին դասավորել ճնշման գոտիներն իրենց օգտին, սակայն դա քիչ էր անհանգստացնում «Հանովերին», որը հետեւողականորեն չեզոքացնում էր վտանգը:

Առաջին լավ հարվածը «Հանովերի» դարպասին գրանցվեց 12-րդ րոպեին: Հաշիվը բացելու գերազանց հնարավորություն ունեցավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, բայց դարպասապահ Ռոն-Ռոբերտ Ցիլերին հաջողվեց հետ մղել Մխիթարյանի վտանգավոր հարվածը: Ռոյսը, Օբամեյանգը, Պիշչեկը մեկը մյուսի հետեւից բաց էին թողնում նպաստավոր պահերը:

«Հանովերի» խաղն առաջին խաղակեսում այդքան էլ տպավորիչ չէր, եւ դարպասապահ Ռոման Վայդենֆելերն անելու քիչ բան ուներ:

Ընդմիջումից հետո էլ հյուրընկալող կողմը պահպանում էր դիրքերը եւ շարունակում ակտիվորեն գրոհել, եւ եթե չլիներ Ցիլերի վարպետությունը, դորտմունդցիներին կհաջողվեր հասնել առավելության, սակայն «Հանովերի» դարպասապահը դարձավ իր թիմի հաջողության գրավականներից մեկը: Ցիլերը դարձավ հանդիպման լավագույն խաղացողը՝ ապացուցելով, որ դարպասապահը թիմի կեսն է:

Յուրգեն Կլոպի ֆուտբոլիստները շարունակում էին գնդակ պահել առանց արդյունավետության: Եվ երկար սպասված գոլը եղավ ոչ թե «Բորուսիայի» օգտին, այլ ճապոնացի Հիրոշի Կիյոտակեի հաշվին: 60-րդ րոպեին «Հանովերի» ֆուտբոլիստը հրաշալի իրացրեց տուգանային հարվածը, «Բորուսիայի» պատը չօգնեց Վայդենֆելերին, որի ցատկը ուշացած էր: Կիյոտակեն, ոգեւորված հաջողությամբ, 3 րոպե անց եւս մեկ անգամ գրոհեց, Խոսելուն էլ հասավ կրկնահարվածին, սակայն այս անգամ Վայդենֆելերը հուսալի խաղաց, այլապես խաղի վերջնահաշիվը այլ կլիներ:

Նշենք նաեւ հյուրերի թուրք կիսապաշտպան Ջեյհուն Գյուլսելամի սադրանքը Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ: Թուրք ֆուտբոլիստը հրեց ընկած Մխիթարյանին, ով արժանի պատասխան տվեց: Երկու ֆուտբոլիստներն էլ ստացան դեղին քարտ: Խաղավերջում Գյուլսելամը նաեւ հեռացվեց:

Այս հաղթանակից հետո «Հանովերը» 13 միավորով բարձրացավ 7-րդ տեղ, իսկ «Բորուսիան» 7 միավորով 15-րդ տեղում է:

Ի՞նչ են ասում մարզիչները

Սեփական խաղադաշտում պարտություն կրելուց հետո Յուրգեն Կլոպն ասաց.

«Իմ տղաները բավական լավ խաղացին, սակայն, ինչպես տեսնում ենք, պետք էր անել ավելին: Խաղադաշտում մենք պահպանում էինք կենտրոնացվածություն, բայց ոչ հետեւողականություն: Մենք ստեղծեցինք հիանալի հնարավորություններ, որոնցից եւ ոչ մեկը չօգտագործեցինք: Այժմ մեզ մնում է չհիասթափվել եւ շարունակել պայքարը»:

«Սիգնալ Իդունա Պարկում» առավելության հասած «Հանովերի» գլխավոր մարզիչ Տայֆուն Կորկութի խոսքով, խաղը բարդ էր.

«Երբ գտնվում ես այսօրվա նման բարդ իրավիճակում, պետք է պարզապես շարունակես պայքարը. մենք դա արեցինք: Այստեղ հաղթանակի հասնելու համար պետք էր հաջողություն, որը մենք ունեցանք՝ մեր դարպասապահի շնորհիվ»:

Գերմանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Բորուսիա» Դ. - «Հանովեր»՝ 0:1

Կիյոտակե, 62

Զգուշացումներ՝ Մխիթարյան, Գյունդոգան, Ռոյս – Խոսելու, Շմիդեբախ, Գյուսելամ, Մարսելո, Ցիլեր:

Նոյեմբերի 1-ին կայանալիք 10-րդ տուրի խաղում «Բորուսիան» Մյունխենում կմրցի Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» հետ:

Ուրսուլա Շիքս

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով