10:46  ,  25 հոկտեմբերի, 2014

«Բորուսիա» - «Հանովեր». Դորտմունդցիների համար բեկումնային շրջադարձի սպասումով

Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» հոկտեմբերի 25-ին կհյուրընկալի «Հանովերին»: Դորտմունդցիները հույս ունեն, որ Չեմպիոնների լիգայում «Գալաթասարայի» նկատմամբ տարած 4:0 հաշվով  հաղթանակը շրջադարձային կլինի թիմի համար Բունդեսլիգայում անհաջող մեկնարկից հետո եւ «Հանովերի» հետ դիմակայությունում:

«Բորուսիա»

Յուրգեն Կլոպի տղաներն այս մրցաշրջանում իրենք իրենց նման չեն. հինգ պարտություն Բունդեսլիգայում:  Համեմատելով դորտմունդցիների խաղը Գերմանիայի առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում՝ կարելի է ասել, որ «Բորուսիայի» ֆուտբոլիստները լավ են խաղում միայն այն ժամանակ, երբ ցանկանում են: Որպես ապացույց՝ նրանց երեք հիանալի հաղթանակները Չեմպիոնների լիգայում՝ 2:0 հաշվով «Արսենալի» նկատմամբ,  3:0 հաշվով բելգիական «Անդերլեխտի» դեմ եւ վերջապես 4:0 հաշվով տպավորիչ հաղթանակը Թուրքիայում: Այս երեք հաղթանակների շնորհիվ դորտմունդցիները վստահորեն գլխավորում են D խմբի մրցաշարային աղյուսակը՝ 75 տոկոսով լուծելով խմբային փուլի արգելքը հաղթահարելու խնդիրը:

Հոկտեմբերի 22-ին «Գալաթասարայի» նկատմամբ տարած փայլուն հաղթանակը մեկնարկային կազմ վերադարձած Իլկայ Գյունդողանի, Մարկո Ռոյսի եւ Հենրի Մխիթարյանի հետ հաջողության հույս է ներշնչում դորտմունդցիների բոլոր երկրպագուներին:

«Բորուսիան» նահանջելու տեղ այլեւս չունի: 8 խաղում 5 պարտությունից հետո թիմը 7 միավորով 14-րդ տեղում է՝ մոտենալով Բունդեսլիգայից դուրս մնալու գոտուն: Թիմի բոլոր խաղացողներն ու մարզչական շտաբը մարտական են տրամադրված: Բոլորը վստահ են, որ «Սիգանալ Իդունա Պարկում» կայանալիք խաղը հաղթանակ կբերի հյուընկալող կողմին: «Բորուսիայի» հաղթանակին չեն կասկածում նաեւ բուքմեյքերները՝ տալով 1.20 գործակից: Այս խաղում չհաղթելու դեպքում, նոյեմբերի 1-ին Մյունխենում «Բավարիայի» հետ հանդիպումը էլ ավելի ծանր փորձություն կդառնա Յուրգեն Կլոպի թիմի համար:

«Հանովեր»

Տայֆուն Կորկութի գլխավորած թիմը Դորտմունդ է մեկնել երեք պարտությունների բեռով: Հանովերցիներն ընդամենը մեկ գոլ են հաջողացրել վերջին հինգ խաղերի ընթացքում: Նախորդ տուրում թիմը 0:3 հաշվով պարտվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային», իսկ դրանից առաջ էլ 0:4 հաշվով պարտվել էր Մյունխենի «Բավարիային»:

Այսօրվա խաղում նրանց գլխավոր խնդիրը կլինի վստահության պակասը: Թիմը 10 միավորով 11-րդ տեղում է:

Ավելացնենք, որ «Բորուսիա» - «Հանովեր» նախորդ երեք հանդիպումներում դորտմունդցիները տարել են միայն հաղթանակ: «Հանովերի» հաղթանակի գործակիցը 12.00 է: Ոչ ոքին ստացել է 6.50 գործակից:

Ի՞նչ են ասում մարզիչները

Յուրգեն Կլոպ. «Վերջապես կրկին խաղացինք այնպես, ինչպես վայել է դորտմունդցիներին: Մենք սխալվելու իրավունք այլեւս չունենք, ժամանակն է սկսել միավորներ վաստակել, եւ լավ կլինի, որ սկզբը դնենք հենց այս խաղում»: Կլոպը նաեւ նշել է որ ազգային առաջնությունում թիմի խաղաոճը սկզբունքորեն տարբերվում է Չեմպիոնների լիգայում ընտարած խաղաոճից, սակայն նրա խոսով՝ եթե դորտմունդցիները շարունակեն Թուրքիայում կիրառած մարտավարությունը եւ ամրացնեն պաշտպանությունը, ապա կկարողանան ապահովել իրենց համար այդքան կարեւոր հաղթանակը:

Տայֆուն Կորկութ. «Մենք այժմ չենք գտնվում վտանգավոր իրավիճակում: Սակայն մեզ համար կարեւոր է մեր դիրքը պահպանել շաբաթ օրվա խաղից հետո էլ»:

Հավանական մեկնարկային կազմերը

«Բորուսիա» Դորտմունդ

Դարպասապահ՝ Ռոման Վաիդենֆելեր:

Պաշտպաններ՝ Դուրմ, Հումելս, Սուբոտիչ, Պիշչեկ:

Կիսապաշտպաններ՝  Կել, Գյունդոգան, Մխիթարյան, Գրոսկրոյց, Ռոյս

Հարձակվող՝ Օբամեյանգ:

 

«Հանովեր 96»

Դարպասապահ՝  Ցիլեր:

Պաշտպաններ՝ Պանդեր, Շուլց, Մարսելո, Սակաի:

Կիսապաշտպաններ՝ Կիյոտակե, Շմիդեբախ, Գյուլսելամ, Բիտենկուրտ:

Հարձակվող՝ Խոսելու, Բրիան:

«Բորուսիա» - «Հանովեր» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:30-ին:

Պատրաստեց Ուրսուլա Շիքսը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում