23:57  ,  24 հոկտեմբերի, 2014

Վան Գալ. Անակնկալ է, որ Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչներից է (ֆոտո)

Ինձ համար անակնկալ է, որ Մոուրինյոն այժմ աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է, հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը նախկին օգնականի մասին: Պորտուգալացի մասնագետը Վան Գալի օգնականն է եղել «Բարսելոնայում» 1997-2000 թվականներին:

«Անհնար էր կանխատեսել, որ Մոուրինյոն կհասնի այսպիսի արդյունքի: Ինձ համար դա անակնկալ է: Ժոզեն համեստ եւ շատ հուզական մարդ է: Նա իր երախտագիտությունը հայտնել է ոչ միայն ինձ, այլ նաեւ Բոբի Ռոբսոնին: Ես գնահատում եմ դա, բայց մարդն ամեն ինչի հասնում է ինքնուրույն:

Ես էլ եղել եմ Լեո Բենհակերի օգնականն «Այաքսում»: Ես շատ ուշադիր էի, եւ դա ինձ օգնել է: Ժոզեի համար էլ օգտակար է եղել ուշադիր լինել ինձ հետ աշխատելիս: Այդուամենայնիվ, քո հաջողությանը հասնում ես ինքնուրույն»,- Լուի վան Գալի խոսքը մեջբերում է dailymail-ը:

Անգլիայի առաջնության 9-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի» հանդիպումը հոկտեմբերի 26-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում