«Լիվերպուլի» հետ խաղում Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինելիս նրա կարծիքը չեմ հարցրել, ասել է Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, հաղորդում է football-espana-ն:
«Ես նախատեսել էի նրան հանգիստ տալ, եթե հանդիպումը հաջող դասավորվի: Նա շատ վազքային աշխատանք կատարեց: Եվ «Բարսելոնայի» դեմ առաջիկա հանդիպումից առաջ որեւէ առողջական խնդրից խուսափելու համար ես հնարավորություն տվեցի նրան հանգստանալ: Ռոնալդուն գնդակ խփեց եւ շատ ուրախ էր: Բոլորս ուրախ ենք եւ փոփոխություն կատարելիս նրա կարծիքը չեմ հարցրել»,- ծիծաղելով ասել է Կարլո Անչելոտին:
Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում «Ռեալն» Անգլիայում 3:0 հաշվով հաղթել է «Լիվերպուլին»: Ռոնալդուն հանդիպման հաշիվը բացել է 23-րդ րոպեին, փոխարինվել է 75-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին «Էյբարի» հետ խաղում հրաժարվել էր փոխարինվել, եւ կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ստիպված էր եղել խաղադաշտից հանել Նեյմարին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում