10:22  ,  23 հոկտեմբերի, 2014

Ռոնալդու. «Բարսելոնային» առավելություն են տվել «Էլ Կլասիկոյից» առաջ

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհել է, որ «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության հանդիպումը նշանակվել է ոչ թե հոկտեմբերի 26-ին, այլ 25-ին: Արքայական թիմի առաջատարը վստահ է, որ մեկ օր ավելի տեւողությամբ հանգիստը չափազանց կարեւոր է Չեմպիոնների լիգայի հանդիպումից հետո, հաղորդում է Goal.com-ը:

«Անհասկանալի է, թե ինչու «կլասիկոն» չի նշանակվել կիրակի: Այդպիսի կարեւոր խաղում չի կարելի ուշադրություն չդարձնել մանրուքների վրա: «Կլասիկոն» դուրս է գալիս սովորական ներքին դիմակայությունների շարքից: Առաջնության օրացույցը վաղուց են կազմել, եւ չեմ տեսնում պատճառ, թե ինչու «Ռեալին» եւ «Բարսելոնային» չեն դրել հավասար պայմաններում: Պրոֆեսիոնալները գիտեն, որ երկու եւ երեք օրում վերականգնվելը տարբեր բաներ են»,- «Լիվերպուլի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո հայտարարել է Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի հանդիպումն անցկացրել է հոկտեմբերի 21-ին՝ 3:1 հաշվով հաղթելով «Այաքսին»: «Ռեալը» հոկտեմբերի 22-ին խաղաց Անգլիայում:

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում