00:38  ,  23 հոկտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. Դորտմունդի «Բորուսիան» 4 գոլ խփեց Ստամբուլում, «Արսենալի» «քամբեքը»

Դորտմունդի «Բորուսիան» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում: Երրորդ տորում Յուրգեն Կլոպի թիմը Ստամբուլում ոչ մի շանս չտվեց թուրքական «Գալաթասարային»՝ հաղթելով 4:0 հաշվով: Հյուրերն առաջին խաղակեսում խփեցին 3 գոլ՝ հանելով հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր եւ սկզբնամասում մասնակցեց 2 գոլային գրոհների: 2 անգամ Հենրիխի սկսած գրոհները եզրափակեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով դարձավ դուբլի հեղինակ: 41-րդ րոպեին գերմանացի Մարկո Ռոյսը նաեւ երրորդ գնդակն ուղարկեց թուրքերի դարպասը: Մխիթարյանը կարող էր նաեւ դառնալ գոլային փոխանցման հեղինակ, սակայն Օբամեյանգի երրորդ հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

Ընդմիջումից հետո «Գալաթասարայը» մի պահ ակտիվացավ, սակայն «Բորուսիան» շարունակում էր վերահսկել խաղը՝ անցկացնելով վտանգավոր հակագրոհները: Խաղի վերջակետը 83-րդ րոպեին դրեց փոխարինման դուրս եկած կոլումբացի հարձակվող Ադրիան Ռամոսը, իսկ «Բորուսիան» շարունակում է գոլ բաց չթողնել Չեմպիոնների լիգայում:

Հենրիխ Մխիթարյանն ակտիվ էր նաեւ երկրորդ խաղակեսում եւ խաղաց առանց փոխարինման: Նա հանդես էր գալիս աջ կիսապաշտպանի դիրքում:

Խմբի մյուս խաղում Լոնդոնի «Արսենալը» Բրյուսելում կամային հաղթանակ տարավ բելգիական «Անդերլեխտի» նկատմամբ: Մինչեւ 89-րդ րոպեն լոնդոնցիները պարտվում էին, սակայն 3 միավոր վաստակեցին անգլիացի պաշտպան Կիրան Գիբսի եւ գերմանացի հարձակվող Լուկաշ Պոդոլսկու գոլերի շնորհիվ:

C խմբում «Բայերը» Լեւերկուզենում 2:0 հաշվով հաղթեց ռուսական «Զենիթին», իսկ «Մոնակոն» ու Լիսաբոնի «Բենֆիկան» գոլեր չխփեցին Մոնակոյում՝ 0:0:

Չեմպիոնների լիգախմբային փուլերրորդ տուր 

«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Բորուսիա» Դ.» (Գերմանիա)՝ 0:4

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 6, 18, Մարկո Ռոյս, 41, Ադրիան Ռամոս, 83

D խումբ

«Անդերլեխտ» (Բելգիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 1:2

Էնդի Նաջար, 71 – Կիրան Գիբս, 89, Լուկաշ Պոդոլսկի, 90+1

C խումբ

«Մոնակո» (Մոնակո) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 0:0

Հեռացում՝ Լիսանդրո Լոպես, 76 («Բենֆիկա»)

«Բայեր» (Գերմանիա) - «Զենիթ» (Ռուսաստան) ՝ 2:0 

Ժուլիո Դոնատի, 58, Կիրիակոս Պապադոպուլոս, 63

Հեռացում՝ Վանդել, 79 («Բայեր»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում