09:34  ,  21 հոկտեմբերի, 2014

Լուի վան Գալ. Մեր լավագույն խաղն էր այս մրցաշրջանում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն անդրադարձել է «Վեստ Բրոմվիչի» դեմ Անգլիայի առաջնության 8-րդ տուրի վերջին խաղին, որն անվարտվեց 2:2 հաշվով:

«Շատ հիասթափված եմ, քանի որ այսօր լավագույն խաղն անցկացրինք այս մրցաշրջանում: Արդյունքը բավականաչափ լավը չէ:

Կարող էինք հաղթել, սակայն չստացվեց: Կարող ենք գոհ լինել, քանի որ ստեղծեցինք մի շարք գոլային պահեր, իսկ «Վեստ Բրոմվիչն» ունեցավ 2 հնարավորություն: Այսօր կարող էր սկսվել մեր նոր հաղթական շարքը: Շատ ցավալի է, որ չհասանք հաղթանակի:

Մրցակցի ճնշման պատճառով թույլ էինք տալիս անհատական սխալներ: Պետք է եւս մեկ անգամ դիտեմ մեր բաց թողած գոլերը: Հնարավոր է, որ մեր եզրային պաշտպանները պետք է ավելի մոտ խաղային մրցակցի հետ:

Ինչ վերաբերում է «Չելսիի» հասնելուն, ապա այդ մասին դժվար է խոսել, քանի որ ինձ կհամարեք մեծամիտ: Կասեմ մի բան, որ իմ կարիերայի ընթացքում հաճախ եմ հաղթահարել միավորների այդպիսի տարբերություն»,- Վան Գալի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Վեստ Բրոմվիչը» 2 անգամ առաջ անցավ հաշվի մեջ, բայց բաց թողեց հաղթանակը: Մանչեսթերցիներին վերջնամասում պարտությունից փրկեց հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում