15:59  ,  20 հոկտեմբերի, 2014

Դմիտրի Գունկոն՝ հայկական արմատների, Ջեւան Չելոյանցի առաջարկի եւ «Ուլիսի» մասին

«Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ, այժմ մոսկովյան ակումբի գործադիր տնօրենի երիատասարդական հարցերով խորհրդական Դմիտրի Գուկոն NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Երեւանի «Ուլիսը» գլխավորելու, հայկական արմատների եւ Հայաստան կատարած այցի մասին:

Վերջերս ռուսական լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, թե ռուս նախկին ֆուտբոլիստը մոտ օրերս կգլխավորի «Ուլիսը», որն օրեր առաջ պաշտոնանկ էր արել Սուրեն Չախալյանին:

Պարոն Գունկո, նախապես ասեմ, որ շատերին կհետաքրքրի Ձեր այցը Հայաստան՝ հատկապե, եթե նշեմ, որ Ձեզ հետ զրուցել եմ «Ուլիսի» երկկողմանի հանդիպման ժամանակ:

Ես մեծ սիրով արձագանքեցի Ջեւան Չելոյանցի՝ Հայաստան ժամանելու հրավերին: Իմ արմատները 25 տոկոսով հայկական են: Պապս հայ էր: Ես երբեք չեմ եղել Հայաստանում: Շատ հետաքրքիր էր լինել այստեղ: Շատ ճանաչողական այցելություն էր: Ինձ շատ դուր եկավ Հայաստանի կոլորիտը:

Ի՞նչ տպավորություններ ստացաք մեր երկրից:

Ինձ շատ դուր եկավ Երեւանի ճարտարապետությունը, վարդագույն տուֆը, որով կառուցված է մայրաքաղաքը: Օդը լավն է, եղանակը՝ հիանալի: Հոկտեմբերի կեսն է, բայց օդի ջերմաստիճանը 20-ից բարձր է եւ արեւոտ:

Մինչեւ Հայաստան գալն ի՞նչ գիտեիք երկրի, մշակույթի եւ հայկական ֆուտբոլի մասին:

Ես ծանոթ եմ հավաքականի երկու ֆուտբոլիստների՝ Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի հետ: Ծնողներիցս շատ եմ լսել Հայաստանի մասին: Նրանք միշտ շատ ջերմ էին խոսում այս երկրի մասին, եւ ինձ միշտ տպավորում էին այդ պատմությունները:

Երեւանում հետեւեցիք «Ուլիսի» երկկողմանի հանդիպմանը: Ի՞նչ կասեք հայկական ֆուտբոլի եւ Ֆուտբոլային ակադեմիայի մասին:

Ինձ շատ դուր եկավ ենթակառուցվածքը: Դաշտերի այս քանակն ու որակը միայն ուրախացնում են: Այս ամենը կբերի ֆուտբոլիստների վարպետության աճին այս ակադեմիայում: Ինչ վերաբերում է «Ուլիսին», ապա երկկողմանի խաղով դժվար է գնահատական տալ: Ես ծանոթ եմ «Ուլիսի» մի քանի ֆուտբոլիստների՝ Արտակ Ալեքսանյանի, Հովհաննես Գոհարյանի եւ Աղվան Պապիկյանի հետ:

Ինչո՞ւ Աղվան Պապիկյանը չմնաց «Սպարտակի» երիտասարդական թիմում:

Աղվանն, իհարկե, տաղանադավոր ֆուտբոլիստ է: Այն ժամանակ, երբ նա երիտասարդական թիմում էր, ես «Սպարտակի» գլխավոր թիմում օգնում էի Վալերի Կարպինին: Այդ պատճառով չեմ կարող պատասխանել այդ հարցին: Ինձ համար դժվար է գնահատել նրա հնարավորությունները:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Մովսիսյանն ու Օզբիլիսը երկար ժամանակ բաց թողեցին: Արասը կվերադառնա գարնանը, իսկ Յուրան արդեն շուտով կարող է խաղալ: Ըստ Ձեզ՝ նրանց համար հե՞շտ կլինի դարձյալ հայտնվել «Սպարտակի» հիմնական կազմում:

Երեւի այդ հարցը ինձ պետք է չուղղել: Ես Արասին մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Նա ստացավ բավական բարդ վնասվածք: Հուսամ՝ Արասը կապաքինվի եւ կմիանա թիմին: Նույնը մաղթում եմ Յուրային, սակայն նա արդեն մարզվում է թիմի հետ:

Դուք ճանաչում եք շատ հայ ֆուտբոլիստների: Նրանք ինչ-որ բանով տարբերվո՞ւմ են մյուսներից:

Հայերը շատ ամբիցիոզ են: Նրանք չեն սիրում պարտվել, իսկ մշտապես գրոհելու ցանկությունը նրանց բնավորության անբաժան մասն է:

Ինչպե՞ս անդրադարձավ «Սպարտակի» նոր ստադիոնի բացումը թիմի մթնոլորտի վրա:

Վերջապես տեղի ունեցավ այն, ինչ երկար ժամանակ երազում էին «Սպարտակի» բոլոր երկրագուները: Դա հիանալի ստադիոն է: Այնտեղ երկրպագուները կկարողանան ոգեւորել ֆուտբոլիստներին՝ հասնելու նոր հաջողությունների:

Նախորդ գարնանը Դուք մի քանի ամսով գլխավորեցիք «Սպարտակը»: Ի՞նչ տվեց Ձեզ այդ փորձը:

Շատ հետաքրքիր էր աշխատել թիմի հետ եւ լինել այնտեղ: Դա հիանալի փորձ էր ինձ համար: Ցավոք, թիմը չգրավեց այն տեղը, որը սպասվում էր:

Ի՞նչն է Ձեզ մոտ ավելի լավ ստացվում մարզչական աշխատանքում:

Մարզիչը պետք է չմասնագիտացվի կոնկրետ մեկ բանի վրա: Ես չեմ կարող գնահատել ինքս ինձ:

Որո՞նք են Ձեր թույլ կողմերը:

Իսկ Դուք ցանկանում եք, որ ես նշեմ իմ թույլ կողմե՞րը: Ասեմ այսպես՝ ես աշխատում եմ դրանց վրա:

«Սպարտակում» հիմնականում հանդես են գալիս լեգեոնականներ: Ինչպե՞ս է դասավորվում «Սպարտակի» ակադեմիայի սաների հետագա ճակատագիրը:

Երիտասարդների դաստիարակումը ակադեմիայի հիմնական խնդիրն է: Մեր թիմում ակադեմիայի շատ սաներ կան: Ասեմ ավելին՝ հենց մեր ակադեմիայի սաներն են ամենաշատը հանդես գալիս «Սպարտակում» եւ Պրեմյեր լիգայի մյուս թիմերում: Նրանք շատ պահանջված են ռուսական շուկայում, անգամ՝ հայկականում: Օրինակ՝ Արտակ Ալեքսանյանը, բայց մեր ակադեմիայի հիմնական նպատակը «Սպարտակին» լավ կադրեր տրամադրելն է:

«Սպարտակի» երկրպագուներն ամենամեծաքանակը, ամենաէմոցիոնալը եւ գուցե ամենանվիրվածն են Ռուսաստանում: Ի՞նչն է մոտիվացնում մարդկանց այդքան նվիրված լինել թիմին, որն արդեն երկար տարիներ ոչ մի տիտղոս չի նվաճում:

Իզուր չէ, որ «Սպարտակին» անվանում են ազգային թիմ: Այդպես է ստացվել պատմականորեն: «Սպարտակն» ունի ամենահարուստ պատմությունը եւ իր խաղով միշտ գրավել է բազմաթիվ երկրպագուների:

Ինչո՞վ է տարբերվում այսօրվա ֆուտբոլը Ձեր ժամանակվա խաղացած ֆուտբոլից:

Շատ բաներով: Այժմ ֆուտբոլում կան մեծ գումարներ, ներգրավված են ժամանակակից տեխնոլոգիաներ: Կողքից դա չի երեւում: Օրինակ՝ այժմ կան ծանրաբեռնվածության հսկողության համակարգ, խաղը կառուցելու բազմաթիվ վերլուծական ծրագրեր:

Գուցե դա սպանում է ֆուտբոլը:

Այդ տեխնոլոգիաները չեն սպանում: Ֆուտբոլը մնում է նույնը՝ 11-ը խաղում են 11-ի դեմ: Առաջ պարզապես մեկ թիմ խաղում էր մյուսի դեմ, իսկ այժմ խաղից բացի կան շատ այլ գործոններ: Իսկ ֆուտբոլի մակարդակն ամենուր է աճել:

Ի՞նչ կասեք Ռուսաստանի հավաքականի վերջին խաղերի մասին:

Ինձ դուր եկավ Շվեդիայի հետ խաղը: Մերոնք կարող էին հաղթել, բայց ինձ դուր չեկավ խաղի որակը: Ես չեմ քննադատի մեր հավաքականին. դա լրագրողների գործն է:

Դուք աշխատել եք նաեւ որպես մարզական լրագրող: Ձեզ դուր չեկա՞վ այդ փորձը:

Ես այն ժամանակ դեռ ֆուտբոլիստ էի եւ հասկացա, որ վնասվածքս թույլ չի տա խաղալ, իսկ առանց ֆուտբոլ իմ կյանքը չէի պատկերացնում: Մի քանի հոդված եմ գրել «Սովետսկի սպորտում», բայց երբ ավարտեցի ֆուտբոլիստի ոչ այնքան երկար կարիերաս, դարձա մարզիչ: Իսկ մարզիչի աշխատանքն ու լրագրությունը անհամատեղելի են:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Լրահոս