13:04  ,  20 հոկտեմբերի, 2014

Արթուր Աբրահամ. ԱՄՆ-ում չեմ մենամարտում մրցավարների ու ժամային տարբերության պատճառով

Չեմ ցանկանում շատ երկար շարունակել կարիերաս: Ցանկանում եմ մի քիչ հանգստանալ, վայելել կյանքը, լինել Հայաստանում ու շրջագայել:

Այս մասին լրագրողների հետ երեւանյան հանդիպան ընթացքում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամը, ով այս օրերին հանգստանում է հայրենիքում: 

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ: Իմ ամեն մենամարտից հետո ես միշտ ժամանում եմ Երեւան: Հայաստանի հետ կապված ամեն բան ուժ է տալիս ինձ՝ թե՛ ջուրը, թե՛ օդը: Այստեղ հանդիպում եմ ընկերներիս ու հարազատներիս, նրանց հետ նշում եմ հաղթանակս: Սա ինձ համար ավանդույթի նման մի բան է: Այստեղ կմնամ երեք շաբաթ, որեւէ կոնկրետ գործ չունեմ:

Հայաստանի հետ կապված մեծ ծրագրեր ունեմ: Չարբախում ցանկանում եմ հիմնել բռնցքամարտի դպրոց: Արդեն վերցրել ենք հողատարածքը, որը շատ հարմար է բռնցքամարտի դպրոցի համար: Մնում է շինարարությունը սկսենք: Բայց աշխատանքները դեռ չեն սկսվել, քանի որ դրա համար ես պետք է լինեմ Հայաստանում: Ես սիրում եմ հետեւել աշխատանքների ընթացքին, իսկ դրա համար ինձ ազատ ժամանակ է հարկավոր: Այժմ այդ ժամանակը դեռ չունեմ, բայց շուտով ամեն ինչ կկազմակերպենք»,- ասաց Արթուր Աբրահամը:

Աշխարհի չեմպիոնը խոսեց նաեւ ԱՄՆ-ում մենամարտելու ցանկություն չունենալու լուրերի մասին:

«ԱՄՆ-ում մենամարտելը մի քիչ անհարմար է, ժամային առումով չեմ հարմարվում: Չեմ նախընտրում մենամարտել ԱՄՆ-ում, քանի որ այնտեղ էլ կա մրցավարական կոմնակալություն: Բայց եթե առաջարկ լինի, ես մեծ սիրով կհամաձայնեմ: 

Իմ հաջորդ մենամարտը լինելու է հունվարի վերջում: Ի դեպ, ես նոր պայմանագիր ունեմ գերմանական SAT-1 հեռուստաալիքի հետ: Իմ մենամարտերը այլեւս չեն հեռարձակվի Գերմանիայի Առաջին ալիքով: Մեր պայմանագիրն արդեն ավարտվել է:

Առաջիկայում տեղի կունենա Ռոբերտ Շտիգլից - Ֆելիքս Շտուրմ մենամարտը: Կարծում եմ՝ կհաղթի Շտիգլիցը, բայց ես կցանկանայի, որ հաղթեր Ֆելիքս Շուորմը, որպեսզի Ռոբերտը ռեւանշ մենամարտի առաջարկով հանդես չգար: Բայց եթե Ռոբերտ Շտիգլիցը ցանկանա ռեւանշ մենամարտ, սիրով կհամաձայնեմ առանց խնդրի: Եթե իմ երկրպագուները ցանկանան, ես ցանկացած ռեւանշ մենամարտի հրավեր կընդունեմ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված որեւէ ծրագիր չունեմ, սակայն մասնակցելու եմ Գերմանիայում անցկացվելիք միջոցառումներին: Ամբողջ հայ համայնքը կազմակերպել է մեծ միջոցառում, որին մասնակցելու են մեր անվանի մարզիկները, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանը եւ ես:

Մենամարտ անցկացնելու ծրագրեր դեռ չկան: Տարիներ առաջ անցկացրել եմ մենամարտ ապրիլի 24-ին՝ այն նվիրելով ցեղասպանության զոհերի հիշատակին: Ամեն անգամ նման մենամարտ անցկացնելը ճիշտ չէ, բայց կցանկանայի եւս մեկ մենամարտ նվիրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ասաց 34-ամյա բռնցքամարտիկը:

Արթուր Աբրահամն անդրադարձավ նաեւ իր ամուսնության ու կարիերան ավարտելու մասին լուրերին:

«Կարիերաս ավարտելու մասին դեռ հստակ որոշում չունեմ: Ես ամեն ինչ կապում եմ իմ մարզիչի հետ: Ոչ ես եմ կարողանում առանց իմ մարզիչի, ոչ նա՝ առանց ինձ: Նրա հետ շատ լավ եմ զգում: Սիրում եմ իմ մարզիչին, քանի որ նա է ինձ զրոյից բարձրացրել: Կցանկանայի, որ ես ու մարզիչս միասին ավարտեինք մեր կարիերան: Նա արդեն տարեց է: Այս կյանքում լսում եմ երկու հոգու՝ եղբորս եւ մարզիչիս:

Շատ երկար չեմ ցանկանում շարունակել կարիերաս, ցանկանում եմ մի քիչ հանգստանալ: Տարվա 8 ամիսը տանից հեռու եմ, ցանկանում եմ մի քիչ ազատ ժամանակ ունենալ, վայելել կյանքը, լինել Հայաստանում, շրջագայել:

Իմ կյանքում ունեմ մեկ նշանաբան՝ չխաբել, չհուսահատվել եւ չդավաճանել: Դա ինձ համար կարեւոր սկզբունք է: Ես չեմ հիասթափվում, աշխատում եմ միշտ ոգեւորել ինքս ինձ: Ցանկանում եմ միշտ հաղթել: Ամեն մենամարտից առաջ փորձում եմ ինձ տրամադրել հաղթանակի, գնալ միայն հաղթանակի հետեւից: Ես իմ ուսերին մեծ պատասխանատվություն եմ զգում իմ պատիվը, ազգիս պատիվը բարձր պահել եւ որոշում եմ, որ պետք է հաղթեմ:

Անձնական կյանքս դասավորելուն բան չմնաց: Արդեն ամեն ինչ կոնկրետացել է: Շատ շուտով  ամեն ինչ արդեն կլինի: Պատրաստ է ամեն ինչ: Ունեմ իմ կյանքի ընտրյալին եւ անձնական կյանքս արդեն շուտով կդասավորեմ»,- ակնարկեց Արթուր Աբրահամը:

Աբրահամը նվերներ է պատրաստել բռնցքամարտի Հայաստանի հավաքականի համար:

«Մենք շատ լավ տղաներ ունենք: Հնարավորինս հետեւում եմ մեր մարզիկների մենամարտերին: Մոտ եմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի Արթուր Գեւորգյանի հետ. նա շատ լավ է աշխատում: Զարգացումը կա, մեր տղաները մեծ հեռանկարներ ունեն: Նվերներ եմ պատրաստել նրանց համար: Ցանկանում եմ իմ աջակցությունը ցուցաբերել մեր բռնցքամարտիկներին»,- ասաց Արթուր Աբրահամը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում