11:50  ,  20 հոկտեմբերի, 2014

Լուիս Սուարեսի խոստովանությունը

Լաց եղա, երբ իմացա, որ տեղափոխվում եմ «Բարսելոնա», հայտարարել է Ուրուգվայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը: 4 ամսով որակազրկված 27-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում Թուրինի «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելուց հետո կորցրել էր կարիերան շարունակելու հույսը:

«Զգում էի, որ խորտակել եմ կարիերաս: Սկզբում չէի ցանկանում, որ ինչ-որ մեկը իմանար, թե ինչ է կատարվում իմ կյանքում: Ընտանիքիս հետ հեռացել էի մարդկանց տեսադաշտից, քանի որ գիտակցեցի, թե ինչ եմ արել: Հետո ես ներողություն խնդրեցի եւ ամեն բան ավելի հեշտացավ: Այդ պահին «Բարսելոնայի» հետ բանակցություններն արդեն սկսվել էին: Երբ գործակալս զանգահարեց եւ ասաց, որ գործարքը պատրաստ է, ես սկսեցի լաց լինել: Հիանալի է, որ ակումբն աջակցեց ինձ նման պահի: Սակայն դեռ վախենում էի, որ այդ պատմության հետեւանքները դեռ կարող են խանգարել ինձ: Իրոք, դա կարող էր տեղի ունենալ»,- Սուարեսի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Սուարեսի 4-ամսյա որակազրկումը մոտենում է ավարտին եւ նա կկարողանա մասնակցել Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության հաջորդ տուրի խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում