18:42  ,  17 հոկտեմբերի, 2014

Պուտինը կանի Կարլսեն - Անանդ չեմպիոնական մրցամարտի առաջին քայլը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 7-ին Սոչիում ներկա կլինի շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի բացմանը: Նորվեգացի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը եւ հնդիկ հավակնորդ Վիշվանաթան Անանդը մինչեւ նոյեմբերի 28-ը կպայքարեն չեմպիոնական թագի համար: Մրցամարտի առաջին քայլն անելու պատիվը կտրվի Ռուսաստանի նախագահին:

«Պուտինի ձեռքը սեղմելու մասին հարցն էական չէ: Ես Սոչիում չեմ պատրաստվում աղմուկ բարձրացնել»,- Մագնուս Կարլսենի խոսքը մեջբերում է Dagbladet-ը:

Հիշեցնենք, որ Մագնուս Կարլսենի թիմը դիտարկում էր Սոչիում մրցամարտն անցկացնելուց հրաժարվելու տարբերակը՝ կապված Ուկրաինայի ճգնաժամի հետ:

«Մենք դիմել ենք Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարություն եւ Մոսկվայում Նորվեգիայի դեսպանատուն, որպեսզի քննարկենք քաղաքական կողմը: Մագնուսը կլինի Սոչիում շախմատ խաղալու համար: Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում: Նա պետք է կենտրոնացած լինի Անանդի դեմ մրցախաղի վրա»,- ասել է Կարլսենի մենեջերը:

Նորվեգիայի վարչապետը մերժել է ՖԻԴԵ-ի հրավերը եւ չի ժամանի մրցամարտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս