22:48  ,  11 հոկտեմբերի, 2014

Բեռնար Շալանդ. Մովսիսյանն ու Մխիթարյանն էլ այսօր կխաղային այս տղաների նման

Մեր ֆուտբոլիստներն այսօր ցույց տվեցին, որ ունեն սիրտ եւ այս սրտով ու ոգով կարող են դուրս գալ Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ: Ես վստահ եմ, որ եթե Մովսիսյանը, Մխիթարյանը եւ Ղազարյանը դաշտում լինեին, կխաղային այնպես, ինչպես այսօր մեր տղաները:

Այս մասին Հայաստան - Սերբիա (1:1) Եվրո-2016-ի ընտրական փուլի խաղից հետո կայացած ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը:

«Կարծում եմ, որ նորմալ էր, բայց ես հիմա երկակի զգացողություններ ունեմ եւ մի փոքր հիասթափված եմ: Եթե հաշիվը լիներ 2:0, մենք ավելի մոտ կլինեինք հաղթանակին: Սակայն, այնուամենայնիվ, ես գոհ եմ ցուցադրված խաղից:

Սա թիմ էր, դաշտում թիմ էր խաղում, ամբողջական թիմ: Պաշտպանությունում մենք խաղացինք ինչպես հարկն էր, բայց սերբերն ունեն այնպիսի պաշտպաններ, որոնց դեմ դժվար է խաղալ: Պետք է գոհ մնանք խաղից, ես շատ գոհ եմ, քանի որ մեր տղաները ցույց տվեցինք, որ թիմ են, ես բավարարված եմ նրանց խաղից:

Ես չեմ կարող Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպումն ընկալել որպես ընկերական: Իմ խնդիրն է տեսնել, թե վաղն իմ խաղացողներն ինչ մարզավիճակում կլինեն: Գուցե Ֆրանսիան մեր դեմ խաղա երկրորդ կազմով, բայց նրանց երկրորդ կազմը հարաբերական է: Պետք է պայքարենք այնպես, ինչպես այսօր: Հնարավոր է, որ Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում մենք կփորձարկենք երկու-երեք նոր խաղացողների, քանի որ չգիտեմ՝ ինչ վիճակում կլինեն իմ ֆուտբոլիստներն այսօրվա բարդ հանդիպումից հետո: Պետք է չմոռանանք, որ մենք հանդիպելու ենք Ֆրանսիայի պես հավաքականի հետ, իսկ այդ խաղը նվեր չի լինելու մեզ համար:

Ես այսօր կարողացա եփել այն ապուրը, որը ցանկանում էի: Ես վստահ եմ, որ եթե Մովսիսյանը, Ղազարյանը եւ Մխիթարյանը դաշտում լինեին, կխաղային այնպես, ինչպես այսօր մեր տղաները: Կապ չունի, որ նրանք ավելի աստղային են, նրանք էլ են խաղում եւ շարունակելու են հանդես գալ առյուծների պես, ինչպես այսօր խաղացին այս տղաները: Այս խմբում ամեն ինչ հնարավոր է, եւ բոլորը բոլորից կարող են միավոր խլել: Եթե մեր երեք խաղացողները վերադառնան, մենք կարող ենք հաղթական խաղեր ունենալ թե՛ տանը, թե՛ դրսում: Մեր ֆուտբոլիստներն այսօր ցույց տվեցին, որ ունեն սիրտ եւ այս սրտով ու ոգով կարող են դուրս գալ Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ:

Այսօրվա խաղի սցենարը շատ նման էր Դանիայի հետ մրցավեճին, քանի որ այնտեղ էլ Մխիթարյանին մոտ 10 սանտիմետր չհերիքեց, որպեսզի ընդունի գնդակը եւ հաշիվը դարձնի 2:0: Նույնը կատարվեց այսօր: Դանիայի հետ խաղից հետեւություններ արեցի, որ պետք է փակել պաշտպանության եզրերը ու ավելի քիչ հնարավորություն եւ տարածություն տալ մրցակցին: 

Եթե Մարկոսը իրացներ 11 մետրանոցը, հաշիվը կդառնար 2:0 եւ վերջ: Մենք ունենք խաղացողներ, ովքեր խաղում են «Փյունիկում», իսկ սերբերն ունեն «Չելսիի» ներկայացուցիչներ: Եվ ես հարց եմ տալիս՝ ինչու է դա այդպես: Մեր խաղացողը ստանում է ամսական 1000 դոլար, իսկ նրանք ունեն ֆուտբոլիստներ, որոնց շաբաթական աշխատավարձը 100 հազար դոլար է: Տարբերությունը նրանում է, որ նրանք ունեն որակյալ խաղացողներ: Անկախ ամեն ինչից, եւս մեկ անգամ կրկնում եմ, որ գոհ եմ իմ թիմի խաղից եւ շնորհավորում եմ մեր թիմին այսպիսի խաղի համար»,- նշեց շվեյցարացի մաասնագետը:

Հիշեցնենք, որ երեւանյան խաղում Հայաստանի հավաքականը Ռոբերտ Արզումանյանի գոլի շնորհիվ մինչեւ 90-րդ րոպեն առջեւում էր հաշվի մեջ, սակայն Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Զորան Տոշիչը սերբերին փրկեց պարտությունից:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով