17:33  ,  9 հոկտեմբերի, 2014

ՄՕԿ, ԵՕԿ, ՀԱՕԿ նախագահների ձախողված ասուլիսը. ամփոփում

ՀԱՕԿ նախագահի հրավերով երկօրյա այցով Հայաստանում գտնվող ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը եւ Եվրոպական Օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն նախքան Հայաստանից մեկնելը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպեցին հայկական լրատվամիջոջների ներկայացուցիչների հետ:

Ասուլիսին ներկա էին ոչ միայն մարզական ոլորտը լուսաբանող լրագրողներ, եւ ասուլիսը սկսվեց քաղաքական հարցով ուղղված Գագիկ Ծառուկյանին, թե նա մասնակցելու է արդյոք հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին:

«Եկել է աշխարհի Օլիմպիական կոմիտեի նախագահը, Եվրոպայի Օլիմպիական կոմիտեի նախագահը. մի հատ հարց տվեք, բարի գալուստ ցանկացեք, հարցրեք՝ ինչու են եկել: Մնացած ամեն ինչից, քաղաքական հարցերի պատասխաններից դուք տեղյակ կլինեք, ես ամեն հարցերի կպատասխանեմ»,- ասաց ՀԱՕԿ նախագահն ու անցավ սպորտային հարցերին:

Ինչպես նախապես հայտարարվել էր, հոկտեմբերի 9-ին ՄՕԿ, ԵՕԿ եւ ՀԱՕԿ նախագահները պետք է առանձնազրույցում քննարկեին 2015 թվականին Բաքվում առաջին անգամ կայանալիք Եվրոպական մարզական խաղերին Հայաստանի մասնակցության հարցը:

ՀԱՕԿ նախագահը իր համաձայնությունը տվեց Բաքվում կայանալիք Խաղերում Հայաստանի մասնակցությանը:

«Ես համաձայն եմ, որ մենք մասնակցենք Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին, բայց պետք է լսեմ նաեւ մարզիկների, մարզիչների եւ հանրության կարծիքը, քանի որ կան շատ նուրբ հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն

Դիմում եմ ՄՕԿ նախագահին, որ ինքը Ադրբեջանի օլիմպիկան կոմիտեի նախագահին՝ իմ գործընկերոջը խնդրի պահպանել սպորտի առաքելությունը, այն է համերաշխություն, միասնականություն, խաղաղություն: Թող տեղյակ պահի, որ հարեւան երկրները պետք է կարողանան իրար հետ բոլոր խնդիրները կարգավորել խաղաղ, բանակցային կարգով: Ես ցանկանում եմ, որ այս ամենը Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը Ադրբեջանի օլիմպիական կոմիտեի նագահին տեղյակ պահի»,- ասաց ՀԱՕԿ նախագահը:

ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկեն երաշխավորեց հայ մարզիկների անվտանգությունը եւ հյուրընկալ ընդունելությունը Բաքվում:

«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահն այդպիսի որոշում է կայացրել, որ համաձայն է հայ մարզիկների մասնակցությանը Եվրոպական խաղերում, եւ այդ հարցում լսելու է մարզիկների եւ մարզիչների կարծիքները: Շատ կարեւոր է, որ սպորտում մարզիկներն իրենց կարծիքը արտահայտեն, իրենց հետ մասնակցության հարցը խորհրդակցվի: Մարզիկների համար սա շատ կարեւոր իրադարձություն է:

Եվրոպական օլիմպիական կոմիտեն երաշխավորում է, որ մենք մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի հայ մարզիկների համար Ադրբեջանում համապատասխան ընդունելություն լինի իհարկե, եթե հայ մարզիկները որոշեն մասնակցել Եվրոպական խաղերին: Եվրոպական օլիմպիական կոմիտեն երաշխավորում է , որ հայ մարզիկներին Ադրբեջանում կվերաբերվեն հարգանքով, ուշադրությամբ, ինչպես մյուս բոլոր 48 երկրների ներկայացուցիչներին:

Ինձ համար ՀԱՕԿ նախագահը մեծ մարզիկ է, մեծ չեմպիոն: Համոզված եմ, որ նա արդյունավետ խորհրակցություն կունենա հայ մարզիկների հետ եւ կգան ընդհանուր եզրակացության»,- նշեց Պատրիկ Հիկեն:

ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի կարծիքով՝ գովելի է այս կարեւորը հարցի լուծումը լսել անձամբ մասնակից մարզիկներից:

«Դա շատ լավ որոշում է, քանի որ օլիմպիական կոմիտեների միջեւ երկխոսությունը նույնպես կարող է իր ազդեցությունն ունենալ հարցերի լուծման գործում: Բացի այդ շատ կարեւոր է նաեւ մարզիկների հետ հաղորդակցությունը, քանի որ այս հարցում նույնպես օլիմպիական ոգին իր դրական ներգործությունն է ունենում: Նման հարցերը մարզիկների հետ խորհրդակցելը ես իսկապես բարձր եմ գնահատում: Ցանկանում են շնորհակալություն հայտնել պարոն Ծառուկյանին, որ նա այսպիսի օլիմպիական ոգով է այս որոշումը կայացրել եւ որոշել է խորհրդատվություն անցկացնել մարզիկների հետ: Սա շատ կարեւոր նախաձեռնություն է»,- ասաց Թոմաս Բախը:

Հարցին, թե պատժամիջոցներ կկիրառվեն Հայաստանի նկատմամբ, եթե այնուամենայնիվ մարզիկները որոշեն չմասնակցել Բաքվի խաղերին, ԵՕԿ նախագահը պատասխանեց.

«Բացարձակ որեւէ պատժամիջոց չի կիրառվի Հայաստանի նկատմամբ, քանի որ դա Հայաստանի օլիմպիական կոմիտեի կամքն է՝ մասնակցել, թե ոչ: Մենք 49 եվրոպական երկրների մեծ ընտանիք ենք, եւ Հայաստանը այդ 49 եվրոպական օլիմպիական երկրների շարքում  կարեւոր տեղ է զբաղեցնում: Սակայն 48 երկրների օլիմպիական կոմիտեների կարծիքով դա մեծ կորուստ կլինի, եթե Հայաստանը որոշի չմասնակցել Եվրոպական խաղերին: Նաեւ որեւէ իրավունքից չեն զրկվի Հայաստանի հավաքական թիմերը, եթե Եվրոպական այս խաղերին չմասնակցեն: Մինչ  Հայաստան գալը, Ադրբեջանի իմ գործընկերները եւ պաշտոնյաները ինձ հետ զրույցում նշեցին, որ եթե Հայաստանը որոշի մասնակցել Խաղերին, կընդունեն մեծ հյուրընկալությամբ»,- նշեց Պատրիկ Հիկեն:

Միջազգային օլիմպիական շարժման ղեկավարների ասուլիսում հնչող հարցերը քաղաքական բնույթ ստացան, որոնք սակայն ՀԱՕԿ նախագահը չկարողացավ շրջանցել: Լսելով քաղաքական, նախագահական թեկնածություն դնելու կամ չդնելու մասին, հոկտեմբերի 10-ին հանրահավաքին մասնակցել - չմասնակցելու, ՀՀ նախագահի նստավայրում լայն ժպիտով պատվավոր հյուրերին ուղեկցելու եւ ՀՀ նախագահի հետ լուսանկարվելու պատճառների մասին հնչող հարցերը՝ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախն ակնհայտ զայրացավ, քանի որ ասուլիսին մասնակցող ոչ մարզական լրագրողների համար ՄՕԿ եւ ԵՕԿ նախագահների ներկայությունը ոչինչ չէր նշանակում: Նրանք եկել էին քաղաքական հարցեր տալու Գագիկ Ծառուկյանին:

«Շնորհակալ եմ Պարոն Ծառուկյանին, որ փորձում է եւ չի ցանկանում մեր ներկայությամբ քաղաքական հարցերի վերաբերյալ պատասխաններ հնչեցնել,  քանի որ իմ այցը Հայաստան քաղաքական նկատառումներ չունի: ՄՕԿ-ը միշտ չեզոք է մնացել քաղաքականությունից: Կցանկանայի լսել հարցեր, որոնք վերաբերում են սպորտին: Իսկ եթե դուք ավելի շատ հարցեր ունեք քաղաքականության հետ կապված, եւ ոչ թե սպորտի, խնդրում եմ ներեք մեզ. Դուք շարունակեք ձեր մամուլի ասուլիսը պարոն Ծառուկյանի հետ, մենք գնանք»:

Գագիկ Ծառուկյանը ոչ մարզական լրագրողներին խորհուրդ տվեց մի փոքր տեղեկացված լինել սպորտի, առաքելությունից եւ սպորտի համար արվող քայլերի տակ քաղաքական ենթատեքստեր չփնտրել:

«Այն, որ ես երեկ իմ հյուրերին ուղեկցել եմ ՀՀ նախագահի նստավայր, դա թող ենթադրությունների տեղիք չտա: Եթե եկել է աշխարհի Օլիմպիական կոմիտեի նախագահը, որ երկիր էլ նա մտնի, թեկուզ պատերազմական երկիր, ցանկացած տեղ պատերազմները, անհաշտությունները կանգ են առնում:  Ես կուզեի, որ մեր լրագրողները մի քիչ տեղեկացված լինեն եւ իմանան, թե ինչ է խորհրդանշում սպորտը, մասնավորապես, օլիմպիական շարժումը, որ համերաշխության խորհուրդ ունի, որ Օլիմպիական խաղերի ժամանակ բոլոր պատերազմները, տարաձայնությունները, քաղաքական խմորումները կանգնեցվում են: Ես հարգելով իմ հյուրին, չէի կարող նրան չուղեկցել ՀՀ նախագահի նստավայր: Նա աշխարհի օլիմպիական շարժամ ղեկավարն է, իսկ այդ ուղեկցությունից իմ քաղաքական դիրքորոշումը չի փոխվում»:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով