09:12  ,  8 հոկտեմբերի, 2014

Ալեքսանդր Գրիգորյան. Հայաստանի հավաքականին ճիշտ մոտիվացնել կարող է միայն հայ մասնագետը

Մարզիչը պետք է լինի շատ ուժեղ հոգեբան, որպեսզի կարողանա միավորել ֆուտբոլիստներին: Ակնհայտ է, որ Հայաստանի հավաքականը լավ արդյունքների կարող է հասնել միայն մեծ ջանքերի շնորհիվ: Դրա համար պետք է մեծ մոտիվացիա:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Լուչ Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը:

Պարոն Գրիգորյան, ինչի՞ հաշվին Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին Երեւանում կարող է հաջող հանդես գալ Սերբիայի ուժեղ թիմի դեմ՝ ունենալով այսքան կադրային կորուստներ:

Ես միշտ ձգտել եմ պատրաստել թիմի խաղը թե՛ տակտիկապես, թե՛ ֆիզիկապես, բայց դա բոլորն են անում: Իսկ պատրաստել թիմը հոգեբանորեն ավելի բարդ է: Հայաստանի հավաքականում ֆուտբոլիստներին տրամադրում էին  հայրենասիրական գզացմունքերով , բայց այսօր թիմի մի մասը նույնիսկ հայերեն խոսել չգիտի: Ցավոք, ես նույնպես հայերեն չեմ խոսում: Պետք է խնդիրները փնտրել հոգեբանական հարթությունում: Մարզիչը պետք է լինի շատ ուժեղ հոգեբան, որպեսզի կարողանա միավորել ֆուտբոլիստներին: Ակնհայտ է, որ լավ արդյունքների Հայաստանի հավաքականը կարող է հասնել միայն մեծ ջանքերի շնորհիվ: Դրա համար պետք է մեծ մոտիվացիա: Իմանալով մեր մտածելակերպը՝ կարծում եմ, որ օտարերկրացի մարզիչը չի կարող հասնել այդպիսի արդյունքի: Միայն հայ մասնագետը կարող է: Դա չի նշանակում, որ մարզիչի հարցում ես ունեմ ազգայնական հայացքներ:

Այս պարագայում, ունենալով կադրային լուրջ խնդիրներ, կարելի է հաղթել միայն մեծ ջանքեր գործադրելու դեպքում: Պետք է օգտագոծրել բոլոր ուժեղ կողմերը եւ չեզոքացնել մրցակցինը: Դա կարելի է անել ուժեղ էմոցիաների շնորհիվ: Դա արդեն մեկ անգամ եղել է Վարդան Մինասյանի ժամանակ:

Իսկ ինչպե՞ս շետը դնել ուժեղ կողմերի վրա, եթե այդ ուժեղ կողմը հարձակման գիծն է, իսկ հարձակման գծի կարեւոր ֆուտբոլիստները բացակայում են, պաշտպանության գիծն էլ երբեք շատ ուժեղ չի եղել:

Անկասկած հավաքականում չկան հարձակման գծում հանդես եկող բարձր կարգի ֆուտբոլիստների նման պաշտպաններ: Այստեղ կարեւոր դեր է խաղում խաղացվածությունը: Այդ հարցը կարելի է լուծել արհեստական ճանապարհով: Ես հաճախ եմ այդ թեմայի շուրջ մտածել: Անիմաստ է թաքցնել, որ ամեն հայ հոգու խորքում երազում է մարզել ազգային հավաքականը: Եվ ես երկար մտածում էի, թե ինչպես լուծել այդ հարցը: Կարծում եմ, որ հավաքականի մի քանի կենտրոնական պաշտպաններ պետք է հանդես գան նույն ակումբում: Դա լուծելի հարց է, հատկապես հայերի համար: Եթե նրանք մի բան ցանկանան, կարող են ցանկացած խնդիր լուծել: Անհատական խաղի բարձր մակարդակը կարելի է լուծել խաղացվածությամբ: Շատերն իմ այս խոսքերը կարող են լուրջ չընդունել, բայց սա լավագույն տարբերակներից է: Անհնար է ամբողջ թիմը խաղացնել մեկ ակումբում, բայց, օրինակ, երկու կենտրոնական պաշտպանների եւ մեկ հենակետայինի կարելի է: Դա կլինի մեծ առաջխաղացում թիմի համար:

Նախորդ երկու հանդիպումներում Հայաստանի ազգային հավաքականը խաղաց հինգ պաշտպաններով: Ինչպե՞ս եք գնահատում այդ մարտավարությունը:

Կարծում եմ՝ այն չի համապատասխանում մեր թիմին: Հենրիխ Մխիթարյանն իր թիմում հանդես է գալիս 4-4-1-1 սխեմայով, որտեղ նա մյուսների հետ ահռելի աշխատանք է կատարում թիմի պաշտպանական գործողություններում: Հավաքականի շատ ֆուտբոլիստներ, ովքեր հանդես են գալիս նորմալ թիմերում, նույնպես մեծ աշխատանք են կատարում իրենց թիմերում պաշտպանվելիս: Այդ թիմերում տասը ֆուտբոլիստներն էլ ջանում են գնդակ խլել մրցակցից: Իսկ այսպիսի տակտիկայով հարձակվողները գնդակը կորցնելիս, այնքան էլ չեն ձգտում ամբողջ ուժով հետ գալ: Դա հիմնականում հարավային թիմերի խնդիր է: Հայերը այդքան էլ չեն սիրում պաշտպանվել: Իմ թիմում հանդես է գալիս Ռուսլան Կորյանը: Շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Նրանով արդեն հետաքրքրվում են Պրեմյեր լիգայի մի քանի թիմեր, բայց ես տեսնում եմ, թե որքան դժվար է նրա մոտ ստացվում պաշտպանվելը: Հայերի համար դա միշտ խնդիր է, բայց երբ արդյունքը կարեւոր է, հենց այդպես էլ պետք է անել:

Պատահե՞լ է, որ Ձեր ղեկավարած ակումբները հաղթեն ավելի ուժեղ մրցակցի, եթե այո, ապա ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվել:

Այստեղ՝ Հեռավոր Արեւելքում, շատ դժվար է խաղալ: Ես վերջերս հարցազրույցներից մեկում ասացի, որ այստեղ մենք ոչ թե ֆուտբոլ ենք խաղում, այլ ֆուտբոլի տարատեսակ: Ամեն անգամ մենք անցնում ենք մեծ տարածություն, փոխում ենք ժամային գոտիներ: Դա շատ վատ է օրգանիզմի համար: Մի օր արթնանում ենք յոթ ժամ շուտ, մի օր՝ յոթ ժամ ուշ: Գիտնականներն ապացուցել են, որ աշխատանքի մեջ ժամային գոտիների առավելագույն թույլատրելի տատանումը ՝ դա չորս ժամային գոտին է: Սա ասում եմ, քանի որ հաճախ է պատահում, որ ֆուտբոլիստերս իրենց շատ վատ են զգում ոչ միայն արտագնա խաղերին, այլ նաեւ տանը: Դրա համար պետք է լինում առավելագույն ուժ գործադրել, նոր հմտություններ ձեռք բերել:

Ես ինքս ինձ հաճախ հարց եմ տալիս, թե ինչու հայտնվեցի այստեղ՝ այսքան հեռու տանից,  երկար եմ արդյոք այստեղ մնալու: Ես իրավունք չունեմ սխալվել մարզչական ընթացքում: Եթե սխալվեմ ֆուտբոլիստների ծանրաբեռնվածության հարցում, դա գուցե շտկել չլինի:

Իսկ այդպիսի խաղեր մեզ մոտ շատ են եղել: Նախոդ տարի մենք հասանք մինչեւ Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ: Կարողացանք հաղթել Պրեմյեր լիգայի թիմի, այն դեպքում, որ մենք հանդես էինք գալիս տասը ֆուտբոլիստներով: Իմ պաշտպանին հեռացրել էին, եւ ես հարկադրված խաղացի 4-4-1 սխեմայով: Անգամ այդ ժամանակ մենք մրցակցի կիսադաշտում պրեսինգ էինք անում:

Ուժեղ մրցակցին հաղթելու համար պետք է նոր ռեսուրսներ գտնել: Բայց պատահել է նաեւ, որ պարտվենք ավելի թույլ մրցակցի: Սա ֆուտբոլ է եւ պետք է հասկանանք, որ թիմին տրամադրելը մարզիչի աշխատանքն է, այլ ոչ թե ֆուտբոլիստների:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հավաքականի հնարավորությունները 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում:

Ես չեմ կարող գնահատել Հայաստանի հավաքականի հնարավորությունները, քանի որ այս հարցում սուբյեկտիվ եմ: Ես ցանկանում եմ, որ Հայաստանը հաղթի եւ գնահատել չեմ կարող: Բացի այդ, գնահատելու համար պետք է մանրամասն իմանալ Հաաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստների հնարավորությունները, իսկ ես չգիտեմ:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով