11:40  ,  5 հոկտեմբերի, 2014

Նորայր Ասլանյան. Սերբերին կարող ենք հաղթել նաեւ այս կազմով

Չեմ կարծում, որ առանց վնասվածք ստացած ֆուտբոլիստների Հայաստանի հավաքականն անզոր է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ հոլանդական «Ալմերե Սիթիի» կիսապաշտպան Նորայր Ասլանյանը, ով խոսեց սերբերի դեմ հոկտեմբերի 11-ին Երեւանում կայանալիք Եվրո-2016-ի ընտրական խաղի մասին:

Նորայր, Սերբիայի դեմ Եվրո-2016 ընտրական խաղին Հայաստանի հավաքականը մոտենում է մեծ կորուստներով: Ինչպե՞ս ես գնահատում Հայաստանի թիմի հնարավորությունները:

Բոլորն էլ գիտեն, որ մեր մի քանի առաջատարներ չեն կարողանա խաղալ, սակայն կարծում եմ, որ մեր թիմում կան այնպիսի ֆուտբոլիստներ, որոնց օգնությամբ կարող ենք հաղթել սերբերին: Չեմ կարծում, որ առանց վնասվածք ստացած ֆուտբոլիստների մենք անզոր ենք:

Իսկապե՞ս հավատում ես, որ կարող ենք հաղթել, թե՞ քաջալերում ես:

Իսկապես հավատում եմ: Ֆուտբոլում ավելի զարմանալի բաներ են եղել, ավելի անսպասելի հաշիվներ են գրանցվել: Կարեւորը, որ մեր թիմը խաղում է եւ մենք հավատում ենք: Կարեւորը, որը երկրպագուները մեզ հետ են եւ աջակցելու են մեզ:

Սերբիայի հավաքականի կազմին ծանո՞թ ես: Ի՞նչ կասես այդ թիմի մասին:

Բոլորը գիտեն, թե ինչ ուժեղ թիմ է Սերբիան: Նրանք ունեն ուժեղ կազմ ու առաջատար առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստներ: Պետք է դիտենք նրանց խաղերը եւ պատրաստվենք:

Ինչի՞ հաշվին Հայաստանի հավաքականը կարող է հաղթել սերբերին:

Մեր պայքարը պետք է լինի ոչ միայն ֆուտբոլային: Պետք է դաշտում պայքարենք ամեն մետրի համար: Պետք է չթողնենք, որ մրցակիցը ֆուտբոլ խաղա:

Ամեն թիմում էլ կան առաջատարներ թե՛ խաղադաշտում, թե՛ հանդերձարանում: Գաղտնիք չէ, որ Հայաստանի հավաքականում դա Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանն են: Նրանց բացակայության դեպքում ո՞վ կարող է այդ դերը ստանձնել:

Անուն նշելը ճիշտ չէ, բայց կարծում եմ՝ դա պետք է անեն փորձառու ֆուտբոլիստները: Օրինակ՝ Ռոման Բերեզովսկին կարող է լինել այդ առաջատարը:

Ի՞նչ կասես քո մարզավիճակի մասին:

«Ալմերե Սիթիում» ունեմ մշտական խաղային պրակտիկա, բոլոր խաղերին մասնակցում եմ: Ցավոք, մեր թիմը դեռ լավ արդյունքեր չի գրանցում, բայց իմ մարզավիճակից գոհ եմ եւ պատրաստ եմ կատարել մարիզչի հրահանգները:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով