16:47  ,  2 հոկտեմբերի, 2014

Անդրեյ Նեստերենկո. Սերգեյ Միքայելյանն այսօր ավելի ուժեղ է, քան Ուկրաինայի թիմի առաջատարը

Դահուկորդ Սերգեյ Միքայելյանն այսօր ավելի ուժեղ է, քան Ուկրաինայի հավաքականի առաջատարը: Իր տարիքային խմբում Սերգեյ Միքայելյանը հանգիստ կարող էր համալրել Ռուսաստանի հավաքականի կազմը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի տեխնիկական փորձագետ, Ուկրաինայի դահուկավազքի մրցավարների կոլեգիայի ներկայացուցիչ, Ուկրաինայի դահուկային սպորտի պարաօլիմպիականների հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Նեստերենկոն:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ եւ դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ Ծաղկաձորում առաջին անգամ անցկացվեց մրցավարների վերապատրաստման սեմինար՝ «Դահուկավազքի մրցումների կազմակերպում» թեմայով: Այն վարում էր Անդրեյ Նեստերենկոն:

Պարոն Նեստերենկո, ի՞նչ գնահատական կտաք այս սեմինարին, ի՞նչ կտա այն հայ մրցավարներին:

Մանրամասն ներկայացվեց մրցումներ կազմակերպելու միջազգային փորձը, ապա անցկացրեցինք անվադահուկների Հայաստանի առաջնությունը: Ես հետեւեցի մրցումների կազմակերպման եւ անցկացման կարգին, ուսումնասիրեցի, թե ինչ մակարդակի վրա է գտնվում Հայաստանում մրցումների կազմակերպումն ու անցկացումը, սեմինարից ստացած գիտելիքների շնորհիվ շտկումներ մտցրեցինք:

Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում դահուկային սպորտի զարգացումը:

Հայկական դահուկային սպորտն այժմ ակնհայտ զարգացում է ապրում: Դրա վառ ապացույցը 2014թ. Սոչի ձմեռային Օլիմպիական խաղերին հայ մարզիկների մասնակցությունն էր: Երկար ժամանակ Հայաստանը դահուկային սպորտում չուներ սեփական ուժերով օլիմպիական ուղեգիր նվաճած ներկայացուցիչներ: Ունեք խոստումնալից դահուկորդներ։ Սերգեյ Միքայելյանը պատվով է Հայաստանը ներկայացնում միջազգային մրցասպարեզներում: Պատահական չէ, որ Սերգեյ Միքայելյանը երիտասարդների աշխարհի առաջնությունում հայտնվեց լավագույն տասնյակում: Դա արդեն մեծ արդյունք է Հայաստանի համար:

Ի՞նչ կասեք մարզիչների եւ նրանց աշխատանքի մասին:

Կար մի շրջան Հայաստանում, երբ դահուկային սպորտում ոչինչ չէր արվում, ոչ ոք չկար եւ շարժում չկար: Այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել, մեծ փոփոխություններ եւ զարգացում է նկատվում: Այդ շրջանը իր վատ հետեւանքն է թողել մարզիկների եւ մարզիչների վրա: Որպեսզի մարզիչները զարգանան, փորձ ձեռք բերեն, պետք է Հայաստանի սահմաններից դուրս գան, մասնակցեն մարզիչների վերապատրասման միջազգային սեմինարներին, նրանք պետք է իրենց աչքով տեսնեն, թե ինչպես են մարզվում աշխարհի լավագույն դահուկորդները, նրանց ինչպես են մարզում մարզիչները: Բայց այժմ պայմաններն այլ են, հնարավորությունները մեծ են: Անհրաժեշտ է հետեւել միջազգային փորձին, դուրս գալ Հայաստանից, մասնակցել սեմինարների, զարգանալ:

Կգա այն օրը, երբ Հայաստանը կհավակնի օլիմպիական մեդալի։ Այդ հույսս կապում եմ Սերգեյ Միքայելյանի հետ: Կարծում եմ՝ արդեն այս տարի աշխարհի գավաթի խաղարկությունում Սերգեյը կկարողանա մտնել 30-ի մեջ: Ղազախստանում կայանալիք պատանիների եւ երիտասարդների աշխարհի առաջնությունում Սերգեյ Միքայելյանին տեսնում եմ լավագույն 6 մարզիկների մեջ: Նա ռեալ հավակնում է 5-րդ, 6-րդ տեղերին:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով