15:16  ,  2 հոկտեմբերի, 2014

Իգոր Կոլիվանով. Դենիս Թումասյանին կհրավիրեի Ռուսաստանի ազգային հավաքական

Դենիս Թումասյանը չգնահատված ֆուտբոլիստ է, նա համապատասխանում է նույնիսկ Ռուսաստանի ազգային հավաքականի մակարդակին։ Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսական «Ուֆայի» գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը։

Ռուս մասնագետը 2002-2010 թվականներին եղել է Ռուսաստանի տարբեր տարիքային խմբերի երիտասարդական հավաքականների գլխավոր մարզիչ։

«Դենիս Թումասյանը «Ուֆայի» առաջատար ֆուտբոլիստներից մեկն է: Նա հիանալի անձնավորություն է եւ հոյակապ ֆուտբոլիստ: Նա պաշտպան է, որը համապատասխանում է բոլոր պահանջներին: Իմ թիմում Թումասյանն իրեն հիանալի է դրսեւորում, եւ ես շատ հպարտ եմ, որ այդ կարգի ֆուտբոլիստ ունեմ:

Դենիսը լավ կարդում է խաղը, բացի այդ լավ է խաղում գլխով: Կարողանում է հանգիստ միանալ գրոհներին: Նա խնդիր չունի կարճ եւ երկար փոխանցումների հետ: Ինձ մոտ նա հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում եւ գրոհներից եւս անմասն չի մնում:

Եթե անցած տարի Դենիսը տեւական ժամանակ չուներ խաղային պրակտիկա, ապա այժմ նիհարել է 8 կիլոգրամ եւ հիանալի մարզավիճակում է: Կարծում եմ՝ Թումասյանը չգնահատված ֆուտբոլիստ է: Ես նրան կհրավիրեի նույնիսկ Ռուսաստանի ազգային հավաքական»,- ասաց Իգոր Կոլիանովը:

Նշենք, որ Championat.com-ը Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի խորհրդանաշական հավաքականում ընդգրկել էր նաեւ «Ուֆայի» կենտրոնական պաշտպան Դենիս Թումասյանին:

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հանդիպել էր Դենիս Թումասյանի հետ, սակայն ֆուտբոլիստը կրկին չէր հրավիրվել ազգային հավաքական: Ունենալով լուրջ կադրային խնդիրներ՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն այս անգամ էլ անտեսել է պաշտպանին։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով