00:40  ,  2 հոկտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. «Ռեալի» կամային հաղթանակը, «Լիվերպուլի» ու «Յուվենտուսի» պարտությունները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» Սոֆիայում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ բուլղարական «Լուդոգորեցի» նկատմամբ:

Հենց մեկնարկում Բուլղարիայի չեմպիոնն անակնկալի բերեց «Ռեալին» եւ խփեց արագ գոլ: 6-րդ րոպեին անկյունային հարվածի խաղարկման արդյունքում աչքի ընկավ բրազիլացի Մարսելինյոն: Քիչ անց Արքայական ակումբը կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն Կրիշտիանու Ռոնալդուն վրիպեց 11 մետրանոցից: «Լուդոգորեցը» չէր վախենում Չեմպիոնների լիգայի գավաթակրից, որն ուներ տարածքային առավելություն: 25-րդ րոպեին Ռոնալդուն վաստակեց 11 մետրանոց եւ այս անգամ չվրիպեց՝ հավասարեցնելով հաշիվը:

Ընդմիջումից հետո եւս Կարլո Անչելոտիի թիմն ավելի շատ էր լինում գնդակով, իսկ բուլղարացիները պատասխանում էին վտանգավոր հակագրոհներով: Մի քանի գոլային պահ կորցնելուց հետո մադրիդցիները 77-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ եւ պահպանեցին հաղթական հաշիվը: Խաղի վերջակետը դրեց փոխարինման դուրս եկած Քարիմ Բենզեման: «Լուդոգորեցը» կրեց երկրորդ պարտությունը՝ այս անգամ եւս թողնելով լավ տպավորություն:

B խմբի մյուս խաղում «Լիվերպուլը» Շվեյցարիայում նվազագույն հաշվով պարտվեց «Բազելին», որին 3 միավոր պարգեւեց շվեյցարացի 33-ամյա հարձակվող Մարկո Շտրելերի դիպուկ հարվածը:

A խմբում Իսպանիայի չեմպիոն «Աթլետիկոն» Մադրիդում նվազագույն հաշվով հաղթեց Թուրինի «Յուվենտուսին», որն առաջին գոլը բաց թողեց այս մրցաշրջանում: Հունական «Օլիմպիակոսը» մրցակցի խաղադաշտում 0:2 հաշվով պարտվեց շվեդական «Մալմյոյին, որի կազմում դուբլի հեղինակ դարձավ շվեդ հայտնի հարձակվող Մարկուս Ռոզենբերգը:

Չեմպիոնների լիգախմբային փուլերկրորդ տուր 

B խումբ

«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 1:2

Մարսելինյո, 6 – Կրիշտիանու Ռոնալդու, 25 (11մ.), Քարիմ Բենզեմա, 77

Չիրացված 11 մետրանոց՝ Կրիշտիանու Ռոնալդու, 10

«Բազել» (Շվեյցարիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1:0 

Մարկո Շտրելեր, 52

A խումբ

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 1:0 

Արդա Թուրան, 75

«Մալմյո» (Շվեդիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 2:0

Մարկուս Ռոզենբերգ, 42, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում