00:37  ,  1 հոկտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» սայթաքեց Փարիզում, «Ռոման» մեկ միավոր տարավ Մանչեսթերից

Այս մրցաշրջանում ոչ մի գոլ բաց չթողած կատալոնական «Բարսելոնան» կրեց առաջին պարտությունը: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Լուիս Էնրիկեի թիմը Փարիզում 2:3 հաշվով պարտվեց ֆրանսիական ՊՍԺ-ին:

Խաղի մեկնարկից կատալոնացիներն ունեին տարածքային առավելություն, իսկ Ֆրանսիայի չեմպիոնն աչքի էր ընկնում ամուր պաշտպանությամբ: Հաշիվը 10-րդ րոպեին բացեց ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը, սակայն դաշտի տերերի ուրախությունը երկար չտեւեց: Քիչ անց Լիոնել Մեսին եզրափակեց կատալոնացիների արտակարգ գրոհը՝ հավասարեցնելով հաշիվը: Առաջին խաղակեսում իտալացի Մարկո Վերատին խփեց նաեւ ՊՍԺ-ի երկրորդ գոլը, իսկ ընդմիջումից հետո թիմերն աչքի ընկան մեկական անգամ: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում նախ գոլի հեղինակ դարձավ փարիզեցիների ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին, իսկ 2 րոպե անց Նեյմարը գեղեցիկ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը: Խաղի վերջնամասում «Բարսելոնան» ուներ նկատելի առավելություն եւ, ստեղծելով մի քանի իրական գոլային պահ, չկարողացավ խուսափել պարտությունից:

F խմբի մյուս խաղը կայացավ Կիպրսում, որտեղ ԱՊՕԷԼ-ն ու Ամստերդամի «Այաքսը» խփեցին մեկական գոլ: 

E խմբում անգլիական «Մանչեսթեր Սիթին» տանը ոչ ոքի խաղաց իտալական «Ռոմայի» հետ՝ 1:1: Անգլիայի չեմպիոնի գոլին իտալացիներն առաջին խաղակեսում պատասխանեցին Ֆրանչեսկո Տոտիի դիպուկ հարվածով: 38-ամյա Տոտին առաջին անգամ գոլ խփեց Անգլիայում՝ դառնալով Չեմպիոնների լիգայում գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստը:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր

F խումբ

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 3:2

Դավիդ Լուիս, 10, Մարկո Վերատի, 26, Բլեզ Մատյուիդի, 54 – Լիոնել Մեսի, 11, Նեյմար, 56

ԱՊՕԷԼ (Կիպրոս) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 1:1

Գուստավո Մանդուկա, 31 (11մ.) – Լուկաս Անդերսեն, 28

խումբ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 1:1

Սերխիո Ագուերո, 4 (11մ.) – Ֆրանչեսկո Տոտի, 23

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում