20:36  ,  29 սեպտեմբերի, 2014

Գագիկ Սարգսյան. Սլավիկ Սարգսյանը հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատել է բավարար

Հայաստանի դահուկային սպորտի ազգային հավաքականում գլխավոր մարզիչի փոփոխություն է տեղի ունեցել: Նախկին մարզիչ Սլավիկ Սարգսյանի փոխարեն, հավաքական թիմը կգլխավորի Արթուր Միքայելյանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի եւ դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ սեպտեմբերի 25-28-ը Ծաղկաձորում կայացավ անվադահուկների Հայաստանի առաջնությունը։ Դասական եւ չմշկային ոճերում տղամարդկանց մրցաշարում հաղթող է դարձել Արթուր Եղոյանը, կրոսավազքում՝ Ռաֆիկ Վիրաբյանը: Կանանց մրցապայքարում երեք մրցաոճերում էլ առաջինը վերջնագիծը հատել է Կատյա Գալստյանը:

Ծաղկաձորում անցկացվել է նաեւ «Դահուկավազքի մրցումների կազմակերպում» թեմայով մրցավարների վերապատրաստման սեմինար:

Պարոն Սարգսյան, դահուկային սպորտի ֆեդերացիան ակտիվ է նաեւ աշնանը: Ի՞նչ ծրագիր իրականացրեցիք Ծաղկաձորում:

Չորս օր շարունակ դահուկային սպորտի ֆեդերացիան Ծաղկաձորում կազմակերպեց եւ անցկացրեց երկու ծրագիր՝ հերթական ավանդական միջոցառումը՝ անվադահուկների Հայաստանի առաջնությունը եւ «Դահուկավազքի մրցումների կազմակերպում» թեմայով մրցավարների վերապատրաստման սեմինարը: Անվադահուկների Հայաստանի առաջնությունն անցկացնում ենք մրցաշրջանից առաջ՝ ուժերի փորձարկման ստուգատես է: Այս առաջնությունը մարզիչներին է նաեւ հնարավորություն տալիս տեսնել, թե ձմռանը նախապատրաստվելուց որտեղ են թերացել, ինչ սխալներ են ունեցել, որպեսզի շտկեն մինչեւ ձմեռ:

Առաջին անգամ ֆեդերացիան անցկացրեց նաեւ մրցավարների վերապատրաստման սեմինար: Ո՞ւմ նախաձեռնությունն էր։

Սեմինար անցկացնելու նախաձեռնությունը Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայինն էր եւ անցկացվում էր առաջին անգամ: Շատ կարեւոր են մեզ համար այսպիսի սեմինարները եւ փորձելու ենք դրանք դարձնել պարբերական, քանի որ մրցավարներն իրենց որակավորումները ստանալու են այս սեմինարներում, որոնք ոչ միայն վերապատրաստման նպատակ են հետապնդում, այլեւ ստուգողական բնույթ են կրելու: Մենք սեմինարի տեսական մասից հետո մեր ստացած գիտելիքները օգտագործելու ենք արդեն ձմռանը դահուկավազքի մրցումների անցկացման գործընթացում: Մրցումներն այս տարի եւս ընդգրկվել են դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի օրացույցում եւ վարկանիշային են:

Սեմինարն անցկացրեց դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի տեխնիկական փորձագետ, Ուկրաինայի դահուկավազքի մրցավարների կոլեգիայի ներկայացուցիչ, Ուկրաինայի դահուկային սպորտի պարաօլիմպիականների հավաքականի գլխավոր մարզիչ  Անդրեյ Նեստերենկոն:

Ինչպե՞ս եք նախապատրաստվում աշխարհի առաջնությանը եւ ո՞վ է հավակնում ուղեգրի:

Այս տարի մեզ համար շատ կարեւոր տարի է: Մեր մարզիկներն արդեն աճել են, մասնավորապես, խոսքը Սերգեյ Միքայելյանի մասին է: Աշխարհի առաջնությանը նախնական տվյալներով կմասնակցեն Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, ինչպես նաեւ աղջիկներից: Մենք արդեն հասել ենք այն մակարդակին, որ կայանալիք աշխարհի առաջնությունում պայքարելու ենք բարձր տեղերի համար:

Դահուկավազքի Հայաստանի հավաքականը նոր մարզիչ ունի՝ Արթուր Միքայելյանը, ով նաեւ Սերգեյ Միքայելյանի հայրն է եւ անձնական մարզիչը:

Այո, Հայաստանի հավաքականը նոր մարզիչ ունի: Տեղի է ունեցել Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նիստ, որը մենք անցկացնում ենք ամեն քառամյակը մեկ: Ամփոփեցինք նախորդ քառամյակը եւ կայացավ գլխավոր մարզիչի նշանակում: Ֆեդերացիայի անդամների մեծամասնության որոշմամբ, հավաքականի գլխավոր մարզիչ ընտրվեց Աթուր Միքայելյանը, ով մարզիկների ամենաբարձր արդյունքներ էր ապահովել: Նրա թեկնածությունն առաջարկվեց, եւ նա ժողովրդավարական գործընթացին հարիր եւ նորմերին համապատասխան ընտրվեց հավաքականի գլխավոր մարզիչ: Իսկ լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականի թիմի ավագ վերընտրվեց Սեյրան Հարությունյանը:

Ի՞նչ սպասելիքներ կան Արթուր Միքայելյանից։

Քրտնաջան աշխատանք, արդյունքների աստիճանական աճ:

Ի՞նչ գնահատական կտաք հավաքականի նախկին մարզիչ Սլավիկ Սարգսյանի աշխատանքին:

Սլավիկ Սարգսյանի աշխատանքը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի  դերում եղել է բավարար:

Ամերիկահայ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը շարունակո՞ւմ է մնալ Հայաստանի հավաքականի կազմում:

Այո, նա մեր հավաքականի անդամն է դեռ, առաջիկա մրցաշրջանի ընթացքում կհասկանանք՝ Արման Սերեբրակյանը շարունակելու է ներկայանցել Հայաստանը, թե ոչ: Բայց ինքը ասում է, որ դեռ հավաքականի կազմում է մնալու:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով