13:40  ,  28 սեպտեմբերի, 2014

Արթուր Աբրահամ. Հնարավորություն կտամ Շտիգլից - Շտուրմ մենամարտի հաղթողին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը բրիտանացի Փոլ Սմիթի նկատմամբ հաղթանակից հետո նշել է, որ սպասում է այդ տիտղոսի նախկին տիրակալ Ռոբերտ Շտիգլիցի եւ Ֆելիքս Շտուրմի միջեւ մենամարտին, որի հաղթողը կհանդիպի իր հետ: 

«Սմիթի հետ մենամարտում ներդրեցի մեծ ուժեր. նա շատ ամուր տղա էր: Ցանկանում էի գցել նրան, իսկ հետո ենթարկել նոկաուտի, սակայն չհաջողվեց եւ հաղթեցի մրցավարների միավորներով:

Անհամբերությամբ սպասում եմ Ռոբերտ Շտիգլից - Ֆելիքս Շտուրմ մենամարտին, որի հաղթողին հնարավորություն կտամ պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտելը հրաշալի է եւ չեմ կասկածում հաղթանակիս: Մինչեւ կարիերայիս ավարտը չեմ բաժանվի WBO վարկածով չեմպիոնական գոտուց»,- Աբրահամի խոսքը փոխանցում է boxingscene-ն:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Կիլ քաղաքում անցկացված մենամարտում 34-ամյա Աբրահամը 31-ամյա Սմիթին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (117:111, 117:111, 119:109)՝ երկրորդ անգամ պաշտպանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցից խլած տիտղոսը: Շտուրմի եւ Շտիգլիցի միջեւ մենամարտը կկայանա նոյեմբերի 8-ին Շտուտգարտում: Ավելի վաղ Աբրահամը հայտարարել էր, որ այլեւս չի մենամարտելու Ռոբերտ Շտիգլիցի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս