14:09  ,  26 սեպտեմբերի, 2014

Տիգրան Չոբանյան. Ցանկանում ենք ստեղծել եվրասիական տարածքում նմանը չունեցող մրցաշար

Սեպտեմբերի 27-28-ը Երեւանի «Դինամո» մարզադահլիճում Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի եւ իրանական CH-1 համաշխարհային գոտի կազմակերպության նախաձեռնությամբ առաջին անգամ կանցկացվի ուշուի Եվրասիական գավաթի խաղարկությունը:

«Մենք 10 տարի անընդմեջ անցկացնում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մրցաշարեր, որոնց մասնակիցների աշխարհագրությունն այդքան էլ լայն չէր: Որոշեցինք ամբիցիոզ լինել եւ ընդլայնել մեր աշխարհագրությունը: Մեզ դիմեց իրանական CH-1 համաշխարհային  ոսկե գոտի կազմակերպությունը եւ նրանց հետ համատեղ կանցկացնենք Եվրասիական գավաթի մրցաշարը: 

Մասնակցելու են Հայաստանի, Իրաքի եւ Իրանի 90 մարզիկներ: Մրցաշարը կանցկացվի երեք տարիքային խմբում՝ 14-16, 16-18 եւ 18-ից բարձր: Ներգրավել ենք ամենաուժեղ մարզիկներին, մասնակիցների ամենացածր տիտղոսը Եվոպայի մրցանակակիրն է: Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսի մրցաշար, որի նմանը չի ունենա եվրասիական տարածքը:

Մենք պատերազմական վիճակում գտնվող երկիր ենք, եւ մեզ պետք են ուժեղ, խիզախ եւ մարզված երիտասարդներ, այլ ոչ թե պատերի տակ շախմատի ձիու պես կանգնող, սիգարետները ձեռքներին տղաներ, ովքեր անհասնանալի է,  թե ինչով են զբաղվում: Մեզ այդպիսի երիտասարդություն պետք չէ:

Այս մրցաշարը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության օրացույցում ներգրավված չէ: Մրցաշարի կազմակերպման համար պետությունը որեւէ աջակցություն մեզ չի ցուցաբերում, ամեն ինչ անում ենք մեր եւ CH-1-ի միջոցներով: Իսկ պետությունից ունենք 8 միլիոն դրամ բյուջե, որը ամբողջ տարին բաշխում ենք չորս կարեւորագույն միջոցառումների վրա:

CH-1 կազմերպությունը այս մրցաշարում զբաղվում է կազմակերպչական հարցերով՝ հյուրերի հրավերքով, հյուրանոցներով, իսկ մեր ֆեդերացիան զբաղվում է զուտ սպորտային մասով: Սա նոր համագործակցություն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը:

CH-1 կազմակերպության համանախագահ Մեհդի Ուսեֆի խոսքով Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի գործունեությունը գրավել է իր ակտիվությամբ, այդ պատճառով իրանական կազմակերպությունն ընտրել է այս ֆեդերացիային.

«Մեզ համար մեծ պատիվ է հարեւան Հայաստանի հետ համագործակցությունը: Մեր կազմակերպությունն ամբողջ աշխարհում զբաղվում է մարտարվեստների եւ արեւելյան մարզաձեւերի մրցաշարերի կազմակերպմամբ: Մեզ համար սահմաններ որպես այդպիսին գոյություն չունեն: Մեզ այստեղ հյուրի կարգավիճակում չենք զգում, եւ հեշտ է մեզ համար այստեղ մարզական ծրագիր իրականացնելը: CH-1 կամզակերպությունը հիմնադրվել է 2002-ին: Արդեն կազմակերպել ենք 180 սպորտային միջոցառումներ, մրցաշարեր: Հայաստանի հետ համագործակցության ցանկությունը վաղուց կար: Երկար ուսումնասիրեցինք հայկական մարզաձեւերը, Հայաստանում սպորտի զարգացումը եւ կանգ առանք Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի վրա: Այս մրցաշարը մեզ համար քննության նման մի բան է: Մեր բուն նպատակն է հաջորդ տարի ապրիլին Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշամրցաշարում ներկայանալ ամբողջ աշխարհին»:

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի ֆինանսատնտեսական հարցերով համանախագահ Ռուստամ Ալավերդյանն էլ ամփոփեց.

«Սիրողական մարզաձեւում չկա գումար, իսկ պրոֆեսիոնալում նպատակը գումար վաստակելն է: Քանի որ Հայաստանի ուշուի ֆեդերացիան ամբողջ աշխպարհում բարձր մակարդակ ունի սիրողական մարզաձեւում մենք որոշեցինք ստեղծել Ուշուի Եվրասիական պրոֆեսիոնալ լիգա: Դրա նապատակն է այս սպորտը դարձնել ոչ միայն զբաղմունք, այլ նաեւ ապրելու եւ վաստակելու միջոց: Ունենալով լավ բազա սիրողական մարզաձեւում, որոշեցինք մեր ուժերը փորձել պրոֆեսիոնալ մրցահարթակում: Այդ նպատակով էլ կազմակերպում ենք այս մրցաշարը: Այս մրցաշարի հիմնական նպատակն է ստեղծել պորֆեսիոնալ լիգա եւ զարգացնել այս ուղղությունը»:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով