12:51  ,  26 սեպտեմբերի, 2014

Սեզար Ռոմերո. Մեծ սիրով կընդունեմ Հայաստանի հավաքականի հրավերը

Եթե հրավեր ստանամ Հայաստանի ազգային հավաքականից, ապա մեծ սիրով կընդունեմ: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Փյունիկի» նորեկ Սեզար Ռոմերոն, ով այս պահին գլխավորում է Հայաստանի Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկուների աղյուսակը՝ վեց խաղում խփելով չորս գնդակ: Սեզար Ռոմերոն հանդես է եկել Մեքսիկայում, ամերիկյան ՄԼՍ-ում, ինչպես նաեւ Գերմանիայի երրորդ լիգայում: Մեքսիկացի ֆուտբոլիստն ունի ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի քաղաքացիություն:

Սեզար, դու արդեն երկու ամսից ավելի է Հայաստանում ես: Արդեն հարմարվե՞լ ես:

Միշտ էլ դժվար է հարմարվել նոր միջավայրին, բայց դա աշխատանքի մի մասն է: Բայց ամեն ինչ շատ լավ է ընթանում: Բոլորը շատ ջերմ են իմ նկատմամբ:

Ընտանիքդ բնակվում է ԱՄՆ-ում: Չես պատրաստվո՞ւմ նրանց բերել Հայաստան:

Մայրս եւ որդիս բնակվում են ԱՄՆ-ում: Ես փորձում եմ նրանց բերել այստեղ: Բայց տղաս անձնագիր չունի, որպեսզի կարողանա լքել երկիրը:

Ինչո՞ւ որոշեցիր գալ Հայաստան: Ուրիշ թիմերից առաջարկներ կայի՞ն:

Իմ գործակալ Ռուբեն Վեսմադյանը կարծեց, որ Հայաստան գալը ինձ համար դրսեւորվելու եւ աճելու լավ հնարավորություն է: Ես շատ գոհ եւ ուրախ եմ, որ այդպես ստացվեց:

Բայց եթե Հայաստան չգայիր, որտե՞ղ կարող էիր հայտնվել:

Չգիտեմ, թե ինչպես կստացվեր: Ես այստեղ եմ եւ ուրախ եմ:

Վաղո՞ւց ես համագործակցում գործակալիդ հետ:

Մոտ մեկ տարի է: Մենք միասին գնացինք Մեքսիկա, որտեղ ես խաղում էի: Բացի աշխատանքային հարաբերություններից, մենք նաեւ լավ ընկերներ ենք: Իսկ դա շատ կարեւոր է՝ վստահել գործակալին: Այդ պատճառով, երբ նա ասաց, որ Հայաստանը լավ տարբերակ է, ինձ մոտ կասկածներ չեղան:

Շատ ֆուտբոլիստներ հաճախ նախապատվությունը տալիս են փողին, քան ավելի  լավ թիմում խաղալուն եւ հետագայում առաջ գնալու հնարավարություն ունենալուն: Ի՞նչն ես դու ավելի կարեւորում՝ հաշվի առնելով, որ ֆուտբոլիստի կարիերան այդքան էլ երկար չէ:

Ես հանդես եմ եկել տարբեր առաջնություններում՝ Մեքսիկայի, ԱՄՆ-ի ՄԼՍ-ում, Գերմանիայում: Հաճախ պետք է բախտ ունենաս: Պետք է սիրես աշխատանքդ: Հաճախ հեռու լինես քո սիրած մարդկանցից, որպեսզի առաջ գնաս: Ցանկացած ֆուտբոլիստ կերազի խաղալ «Ռեալում», բայց երբ այդպիսի տարբերակ լինի, պետք է նայես տվյալ առաջարկին, պայմաններին: Այսպես դժվար է ասել:

Կհամեմատե՞ս Հայաստանի առաջնությունը մյուս բոլոր առաջնությունների հետ, որտեղ հանդես ես եկել:

Ֆուտբոլի ոճը լիովին տարբեր է: Մեքսիկայում ավելի շատ տեխնիկական ֆուտբոլ է, ԱՄՆ-ում՝ ավելի ֆիզիկական, Գերմանիայում` այդ երկուսը միասին: Հայաստանն ունի իր ոճը, որին ես դեռ փորձում եմ հարմարվել: Այստեղ ավելի շատ պետք է վազել: Մեր թիմը շատ երիտասարդ է:

Ի՞նչ կասես Հայաստնի մարզադաշտերի մասին:

Մի քանիսը տեսել եմ: Կան այնպիսիները, որտեղ այդքան էլ հեշտ չէ խաղալ, բայց «Փյունիկի» դաշտը հիանալի է:

Ու՞մ կառանձնացնես  «Փյունիկում»: Ովքե՞ր հետագայում կարող են աստղեր դառնալ:

Մենք շատ լավ թիմ ունենք: Կարծում եմ՝ ամենից շատ տաղանդները հենց այստեղ են: Նրանք շատ երիտասարդ են՝ ավելի քան ես: Կարծում եմ նրանցից շատերը կարող են հաջողության հասնել:

Հայաստանի լավագույն ֆուտբոլիստները հիմնականում տեղափոխվում են Ռուսաստան կամ Ուկրաինա: Կցանկանայի՞ր այդ առաջնություններում հանդես գալ:

Լսել եմ, որ Հայաստանից հենց այդ երկրներ են գնում: Այո, կուզեի, ինչու ոչ:

Սեզար, դու հանդես ես եկել ԱՄՆ-ի երիտասարդական հավաքականներում: Հավատո՞ւմ ես, որ գուցե մի օր ազգային հավաքականում էլ կհայտնվես:

Անիրական ոչինչ չկա: Ցանկացած մարդու համար մեծ պատիվ է խաղալ իր ազգային հավաքականում:

Եթե շարունակես այսպիսի արդյունքներ գրանցել, կցանկանա՞ս, որ Հայաստանի ազգային հավաքականից քեզ հրավիրեն:

Այո, իհարկե մեծ սիրով:

Այս վերջին աշխարհի առաջնությունը ցույց տվեց, որ ԱՄՆ-ում ֆուտբոլի հանդեպ սերը մեծացել է: Համամի՞տ ես:

Այո: Ընդամենը մի քանի տարի առաջ ֆուտբոլի նկատմամբ այսքան մեծ ուշադրություն չկար: Իսկ վերջին վեց տարիներին ֆուտբոլը ամրացրել է իր դիրքերը: Ամերիկացիները լավ հանդես եկան աշխարհի առաջնությունում: Անգամ ՄԼՍ-ում, որտեղ ես հանդես եմ եկել, առաջնության խաղերին 20-30 հազար հանդիսատես կա:

Հայաստանի առաջնությունում արդեն վեց խաղ ես խաղացել: Ի՞նչ կասես մրցակից թիմերի մասին:

Մրցակցություն կա: Մենք ունենք լավ թիմ, բայց մրցակիցները նունպես լավն են:  Այս պահին չեմ կարող ասել, ովքեր են ֆավորիտները: Ամեն բան կարող է պատահել: «Ուլիսը» եւ «Շիրակը» շատ ուժեղ են, բայց բոլորն էլ արժանի են հարգանքի:

Ի՞նչ կասես Սուպերգավաթի խաղի մասին:

Դա լավ խաղ էր: «Փյունիկը» խաղում էր երկրորդ թիմով եւ «Բանանցը» հաղթեց:

Իսկ ո՞րն էր ամբողջ կազմը փոխելու պատճառը:

Այս շաբաթ մենք շատ կարեւոր խաղ ունենք, եւ մարզիչը չէր ուզում, որ վնասվածք ստանայինք: Բացի այդ դա հնարավորություն էր երիտասարդների համար:

Ֆուտբոլից դուրս ինչպիսի՞ն է կյանքդ Հայաստանում: Ի՞նչն է քեզ այստեղ դուր գալիս:

Մարդիկ շատ բարեհամբույր են: Անգամ եթե անգլերեն չգիտեն, փորձում են ինչ-որ բանով օգնել: Սկզբում, երբ եկել էի այստեղ, շատ շոգ էր: Մեքսիկայում նույնպես շոգ է, բայց այնտեղ օվկիանոս եւ քամի կա:

Ի՞նչը դուր չի գալիս Հայաստանում:

Մի քիչ տարօրինակ է, որ այստեղի տղաները, երբ տեսնում են, որ դու օտարերկրացի ես, սկսում են քեզ տարօրինակ նայել:

Իսկ աղջիկնե՞րը:

Գեղեցիկ են:

Շփվու՞մ ես «Փյունիկի» երկրպագուների հետ:

Այո, կան մարդիկ, ովքեր միշտ գալիս են մեր խաղերին: Խաղերից հետո մոտենում են կամ facebook-ում ենք խոսում:

Վեց խաղում դարձել ես չորս գոլի եւ երեք գոլային փոխանցման հեղինակ: Ինչպե՞ս ես գնահատում այդ արդյունքը:

Ես ամեն բան անում եմ, որ էլ ավելի լավ խաղամ: Իմ գործը շատ գոլեր խփելն է: Հուսով եմ` առաջիկա խաղերում էլ իմ թիմի համար ավելի շատ գոլեր կխփեմ:

Ո՞ր ուկումբին ես համակրում:

«Բարսելոնա»:

Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:

Բրազիլացի Ռոնալդոն:

Աշխարհի առաջնության ժամանակ ԱՄՆ-ից եւ Մեքսիկայից բացի, ո՞ր թիմին էիր համակրում:

Առաջին տեղում Գերմանիան էր, հետո` Մեքսիկան, հետո` ԱՄՆ-ը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով