20:19  ,  24 սեպտեմբերի, 2014

Գեւորգ Ղազարյան. Հույս ունեմ, որ մինչեւ ազգային թիմի հավաքը կապաքինվեմ

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի հավաքականի եւ հունական «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը աճուկի վնասվածք է ստացել «Պանախաիկիի» դեմ Հունաստանի գավաթի խաղարկության խաղում:

Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած բուժզննումից հետո Գեւորգ Ղազարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանեց իր առողջական վիճակը:

«Բժիշկներն ասացին, որ մինչեւ չորս շաբաթ կարող է տեւել ապաքինման փուլը: Բայց ես այդպես չեմ կարծում: Ինձ թվում է, որ մինչեւ ազգային հավաքականի առաջիկա խաղերը ես կհասցնեմ ապաքինվել: Ամեն օր բուժում եմ ստանալու: Եվ կզգամ, թե ինչպես է ընթանում ապաքինումս: Մի քանի օրից արդեն կիմանամ, թե քանի օր անց կկարողանամ խաղալ»,- ասաց Ղազարյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Երեւանում Եվրո-2016-ի ընտրական խաղ է անցկացնելու սերբերի հետ: Այդ հանդիպմանը չեն մասնակցելու Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վնասվածք է ստացել նաեւ իրանական «Էսթեղլալի» պաշտպան Հրայր Մկոյանը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով