15:58  ,  24 սեպտեմբերի, 2014

Հրայր Մկոյան. Բժիշկն արգելել է մարզվել առաջիկա երկու շաբաթների ընթացքում

Իրանական «Էսթեղլալի» եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Իրանի առաջնությունում ստացած վնասվածքի մասին:

«Վնասել եմ ծնկիս մկանային հատվածը: Բարեբախտաբար, մենիսկի խնդիր չկա: Բժիշկն ասաց, որ նախնական երկու շաբաթ է հարկավոր ապաքինվելու համար: Այսօր նոր սկսել եմ նորմալ քայլել: Մինչեւ այդ ցավեր ունեի եւ դժվարությամբ էի տեղաշարժվում: Ինձ կտրականապես արգելված է մարզվել առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Բժշկի խոսքով՝ մինչեւ վստահ չլինենք, որ վնասվածքը չի խորանա, չեմ մարզվի: Առաջիկա օրերին դարձյալ կհետազոտվեմ, ինչից հետո էլ պարզ կդառնա, թե երբ կկարողանամ մարզվել: Այժմ օրական երկու անգամ գնում եմ ֆիզիոթերապիայի կուրսերի»,- զրույցում հայտնեց Հրայր Մկոյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Երեւանում Եվրո-2016-ի ընտրական խաղ է անցկացնելու սերբերի հետ: Այդ հանդիպմանը չեն մասնակցելու նաեւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, իսկ հունական «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի մասնակցությունը հարցականի տակ է:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում