23:50  ,  23 սեպտեմբերի, 2014

Ռոնալդուի պոկերը նպաստեց «Ռեալի» վստահ հաղթանակին

Իսպանական Պրիմերայի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» սեփական խաղադաշտում 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Էլչեի» նկատմամբ: 

Խաղի հաշիվը բացվեց 15-րդ րոպեին: «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները, իսկ հյուրերն անվրեպ իրացրին 11 մետրանոց հարվածը: «Էլչեի» ուրախությունը երկար չտեւեց, քանի որ 5 րոպե անց ուելսցի Գարեթ Բեյլը խփեց դաշտի տերերի պատասխան գոլը, որը «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում 3000-րդն էր «Ռեալի» համար: 28-րդ րոպեին Ռոնալդուն անվրեպ իրացրեց 11 մետրանոցը, իսկ քիչ անց նաեւ երրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը: Ընդմիջումից հետո Պորտուգալիայի հավաքականի ավագն աչքի ընկավ եւս 2 անգամ՝ դառնալով պոկերի հեղինակ: Ռոնալդուն 9 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Արքայական ակումբի դարպասը պաշտպանում էր Կոստա Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասը, ով նորամուտը նշեց մադրիդցիների կազմում:

Այս հաղթանակից հետո Կարլո Անչելոտիի թիմը 9 միավորով բարձրացավ չորրորդ տեղ: 

Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Ռեալ» - «Էլչե»՝ 5:1

Գարեթ Բեյլ, 20, Կրիշտիանու Ռոնալդու, 28 (11մ.), 32, 80 (11մ.), 90+2 – Էդու Ալբակար, 15 (11մ.)

«Սելտա» - «Դեպորտիվո»՝ 2:1

Նոլիտո, 3, Խոակին Լարիվեյ, 72 - Իսաակ Կուենկա, 55

Չիրացված 11 մետրանոց՝ Հարիս Մեդունյանին, 88 («Դեպորտիվո»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս