17:35  ,  23 սեպտեմբերի, 2014

Յուրա Մովսիսյանը եւս չի մասնակցի սերբերի դեմ խաղին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը դեռ չի մարզվում մոսկովյան ակումբի ընդհանուր խմբում եւ չի մասնակցի պետերբուրգյան «Զենիթի» դեմ ռուսական Պրեմյեր լիգայի 9-րդ տուրի խաղին, որը կայանալու է սեպտեմբերի 27-ին: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեցին մոսկովյան աղբյուրները:

Մովսիսյանը լիովին վերականգնվել է ծնկի վնասվածքից ու վիրահատությունից, սակայն ֆիզպատրաստության մարզիչները կարծում են, որ նրան առնվազն մեկ ամիս հարկավոր է օպտիմալ մարզավիճակ ձեռք բերելու համար: Ամենայն հավանականությամբ, նա բաց կթողնի նաեւ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը սերբերի եւ ֆրանսիացիների դեմ: Չի բացառվում, որ այդ օրերին Յուրան կժամանի Երեւան՝ ազգային թիմի կողքին լինելու համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին կայանալիք Սերբիայի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպումը հավանաբար բաց է թողնելու նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով «Մայնցի» դեմ Բունդեսլիգայի չորրորդ տուրի խաղում ստացած վնասվածքի պատճառով խաղադաշտից բացակայելու է մոտ 4 շաբաթ:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով