13:14  ,  23 սեպտեմբերի, 2014

Գվարդիոլա. «Պադերբորնի» հաղթանակը անակնկալ կլինի բոլորի համար

«Պադերբորնի» հաղթանակը «Բավարիայի» նկատմամբ անակնկալ կլինի բոլորի համար, ասել է մյունխենյան թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում «Բավարիան» կընդունի Բունդեսլիգայի նորեկին, որը չորրորդ տուրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Մրցակիցն ունի բարձր խաղամակարդակ եւ գործում է հսկայական էնտուզիազմով: Նրանք որեւէ ճնշում չեն զգում, չեմպիոնի տիտղոս չեն պաշտպանում: Կարծում եմ, որ կխաղան պաշտպանությունից: Նրանք միշտ են այդպես գործել: Չեմ կարծում, որ «Պադերբորնի» մարտավարությունում կլինի փոփոխություն: Եթե նրանք հաղթանակ տանեն, դա անակնկալ կլինի բոլորի համար, իսկ չհաղթելու դեպքում, շատ չեն տխրի»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Բավարիայի» կայքը:

Բունդեսլիգայի չորս տուրից հետո «Պադերբորնը», «Մայնցը», «Հոֆենհայմը» եւ «Բավարիան» վաստակել են 8-ական միավոր:

Սեպտեմբերի 23-ին կայանալիք «Բավարիա» - «Պադերբորն» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով