10:24  ,  22 սեպտեմբերի, 2014

Սերժ Սարգսյանը պարգեւատրել է Արթուր Ալեքսանյանին եւ Արսեն Ջուլֆալակյանին (ֆոտո)

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալներ նվաճած Արթուր Ալեքսանյանը եւ Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով պարգեւատրվել են պետական բարձրագույն պարգեւներով, գրում է president.am-ը:

Պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել նախագահի նստավայրում: Սերժ Սարգսյանը պարգեւատրման արարողության ժամանակ անդրադարձել է նաեւ աշխարհի չեմպիոններին.

«Այսօր մեզ հետ են նաեւ հունահռոմեական ըմբշամարտի մեր երկու դյուցազունները, ովքեր Տաշքենդում նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը եւ ում պատվին հնչեց մեր օրհներգը: Այս երկու ոսկին որքան սպասված, նույնքան էլ փառահեղ էր: Շնորհավորում եմ մեր մարզիկներին, մարզիչներին եւ բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ քրտնաջան աշխատանքով մոտեցրել են այս հաղթանակը: Իհարկե, այսպիսի պաշտոնական արարողությունների ժամանակ ընդունված չէ ցանկություն հայտնել, բայց ես վստահ եմ, որ մեր երկու չեմպիոնները դառնալու են օլիմպիական չեմպիոններ»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի հրամանագրերով, պետական բարձրագույն պարգեւների ու պատվավոր կոչումների են արժանացել նաեւ գիտության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, ինչպես նաեւ սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, դատական համակարգի, Հայոց բանակի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության համակարգի զինծառայողներ:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում