12:02  ,  21 սեպտեմբերի, 2014

Լեհաստանում հայ եւ թուրք բռնցքամարտիկների մենամարտն ավարտվել է սկանդալով

Լեհաստանի Կիելցե քաղաքում այս օրերին տեղի է ունենում բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:

Սեպտեմբերի 21-ին առաջինը ռինգ է դուրս եկել Կորյուն Սողոմոնյանը, ով պարտվել է ամերիկացի Ջեքսոն Մալիկին։

Երկրորդը պայքարի մեջ է մտել Արման Հովհիկյանը՝ հաղթելով լեհ Կամիլ Գարդզիելիկին։

Երրորդը ռինգ դուրս եկած Հենրիկ Սարգսյանի մենամարտը թուրք բռնցքամարտիկի հետ ստացվել է սկանդալային: Հենրիկն անցկացրել է հիանալի մենամարտ՝ երկու անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին, սակայն մրցավարները հաղթանակը շնորհել են թուրք բռնցքամարտիկին: Դրանից հետո հայկական կողմը բողոքարկել է, իսկ Լեհաստանի ֆեդերացիան աղմուկ է բարձրացրել՝ նշելով, որ իրենց մրցաշարի ժամանակ նման անարդարություն թույլ չեն տա: Արդյունքում՝ մրցաշարի կազմակերպիչը եւ գլխավոր մրցավարը մոտեցել են Հենրիկ Սարգսյանին եւ նրան են փոխանցել առաջին տեղի մրցանակը եւ ոսկե մեդալը:

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը, ով այս օրերին Լեհաստանում է: 

Ֆոտո՝ Արթուր Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում