15:11  ,  20 սեպտեմբերի, 2014

«Մայնցի» գլխավոր մենեջեր. «Բորուսիան» այժմ «Բավարիայից» ուժեղ է

Չեմպիոնների լիգայի առաջին տուրից հետո տպավորություն է, որ Դորտմունդի «Բորուսիան» այս պահին «Բավարիայից» ուժեղ է, ասել է «Մայնցի» գլխավոր մենեջեր Կրիստիան Հայդելը: Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում «Մայնցը» կընդունի երկրի փոխչեմպիոն «Բորուսիային»:

«Այս մրցաշրջանում եւս չեմպիոնության համար պայքարում են «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան»: Այս շաբաթ Չեմպիոնների լիգայում նրանց անցկացրած հանդիպումներից հետո տպավորություն է, որ դորտմունդյան թիմը մեկ քայլ առաջ է «Բավարիայից»: Նրանք միշտ գնում են ուժեղագույն խաղացողների եւ ունեն ուժեղ թիմ: Այդուամենայնիվ, մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այսօր հաղթենք դորտմունդցիներին»,- Հայդելի խոսքը մեջբերում է Bild-ը:

Սեպտեմբերի 20-ին կայանալիք «Մայնց» - «Բորուսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի մեկնարկային տուրում «Բորուսիան» Դորտմունդում 2:0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալին», իսկ «Բավարիան» Մյունխենում նվազագույն հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում