13:37  ,  20 սեպտեմբերի, 2014

Հայ հրաձիգները 5 մեդալով են վերադառնում աշխարհի առաջնությունից

Հայաստանի հրաձիգներն ավարտել են մրցելույթը Իսպանիայի Գրանադա քաղաքում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ նվաճելով հինգ մեդալ: Մրցման վերջին օրը Հրաչիկ Բաբայանը մասնակցել է 50մ, հրացան՝ 3 դիրքից (պառկած՝ 40 կրակոց, ծնկած՝ 40կրակոց, կանգնած՝ 40 կրակոց) վարժությանը եւ որակավորման փուլում 52 մրցակցից՝ 1163 միավորով գրավել 7-րդ տեղը: Նույն միավորն են խոցել չինացի եւ ֆրանսիացի մարզիկները, սակայն Բաբայանը նրանց շրջանցել է կենտրոնական 10-երի առավելությամբ: Եզրափակչում Բաբայանին չի հաջողվել բարելավել դիրքը եւ մրցումն ավարտել է 7-րդ տեղում:

Օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանի հաջողություններից հետո հայ մարզիկներից ոչ ոք այս վարժությունում չէր կարողացել նման բարձր արդյունք ցույց  տալ, հաղորդում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Հրաչյա Պետիկյանը Բարսելոնայում, որտեղ դարձավ օլիմպիական չեմպիոն, որակավորման փուլում խոցել էր 1169 միավոր:

25մ, փոքր տրամաչափի ատրճանակ վարժությունում Զավեն Իգիթյանը խոցել է 557 միավոր եւ 32 մրցակցից գրավել 29-րդ տեղը:

Հիշեցնենք, որ 10մ, օդամղիչ հրացան (60 կրակոց) երիտասարդների պայքարում Հրաչիկ Բաբայանը նվաճել է արծաթե մեդալ, 10մ, վազող թիրախ (20+20 կրակոց) երիտասարդ աղջիկների պայքարում Լիլիթ Մկրտչյանը նույպես արժանացել է արծաթե մեդալի, նույն վարժության տղաների (30+30 կրակոց) պայքարում Ռազմիկ Մինասյանը նվաճել է բրոնզե մեդալ, 10մ, վազող թիրախ՝ խառը վազք (2x20 կրակոց) եւ 10մ, վազող թիրախ (20+20 կրակոց) վարժություններում տղաների թիմը՝ Ռազմիկ Մինասյան, Շանթ Սարգսյան եւ Հովհաննես Խաչատրյան, դարձել է կրկնակի բրոնզե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում