00:40  ,  17 սեպտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. «Ռեալի» 5 գոլերը, «Աթլետիկոյի» պարտությունն ու «Լիվերպուլի» բնավորությունը

Մադրիդի «Ռեալը» հաղթանակով սկսեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի չեմպիոնական տիտղոսի պաշտպանությունը: Խմբային փուլի առաջին տուրում Արքայական ակումբը Մադրիդում 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ շվեյցարական «Բազելի» նկատմամբ: Խաղի վերջակետը 80-րդ րոպեին դրեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, ով խփեց «Ռեալի» 1000-րդ գոլը Չեմպիոնների լիգայում:

B խմբի մյուս խաղում «Լիվերպուլն» ավելացված ժամանակում հաղթանակ կորզեց բուլղարական «Լուդոգորեցի» նկատմամբ: Լիվերպուլում կայացած խաղի բոլոր գոլերը գրանցվեցին վերջին 10 րոպեներին: Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին 82-րդ րոպեին բացեց հաշիվը՝ խփելով իր առաջին գոլը «Լիվերպուլում», որին հաղթանակ պարգեւեց անգլիացի կիսապաշտպան Ստիվեն Ջերարդի իրացրած 11 մետրանոցը: 

A խմբում Իսպանիայի չեմպիոն «Աթլետիկոն» Հունաստանում 2:3 հաշվով պարտվեց «Օլիմպիակոսին», որի կազմում չի հայտավորվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը: Խմբի մյուս խաղում Թուրինի «Յուվենտուսը» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց շվեդական «Մալմյոյին»: Թուրինցիներից երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսը, ով 5 տարվա դադարից հետո դարձյալ գոլ խփեց Չեմպիոնների լիգայում:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր
B խումբ
«Ռեալ» (Իսպանիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 5:1
Մարեկ Սուխի, 14 (ինքնագոլ), Գարեթ Բեյլ, 30, Կրիշտիանու Ռոնալդու, 31, Խամես Ռոդրիգես, 37, Քարիմ Բենզեմա, 80 – Դերլիս Գոնսալես, 38

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 2:1 
Մարիո Բալոտելի, 82, Ստիվեն Ջերարդ, 90+3 (11մ.) – Դանի Աբալո, 90+1 

A խումբ
«Յուվենտուս» (Իտալիա) - «Մալմյո» (Շվեդիա)՝ 2։0
Կարլոս Տեւես, 59, 90

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 3։2
Արտուր Մասուկա, 13, Իբրահիմ Աֆելայ, 31, Կոստաս Միտօղլու, 73 – Մարիո Մանջուկիչ, 38, Անտուան Գրիզման, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում