00:35  ,  17 սեպտեմբերի, 2014

Չեմպիոնների լիգա. «Բորուսիան» մեկնարկեց «Արսենալի» նկատմամբ հաղթանակով

Դորտմունդի «Բորուսիան» հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։ Առաջին տուրում Գերմանիայի փոխչեմպիոնը Դորտմունդում 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում էր եւ բավական ակտիվ էր առաջին խաղակեսում: Արդեն 5-րդ րոպեին Մխիթարյանը կարող էր վաստակել 11 մետրանոց հարված, սակայն գլխավոր մրցավարը սիմուլյացիա տեսավ նրա գործողություններում՝ ցույց տալով դեղին քարտ: Մեկնարկում Յուրգեն Կլոպի թիմի առավելությունը նկատելի էր, սակայն անգլիացիների դարպասի մոտ իրական գոլային պահեր չէին ստեղծվում: Գոլային պահ ունեցավ նաեւ Հենրիխը, ով վրիպեց դարպասի առջեւից: Թվում էր, թե առաջին խաղակեսը կավարտվի 0:0 հաշվով, բայց 45-րդ րոպեին իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն բացեց հաշիվը՝ առաջ մղելով «Բորուսիային»:

Ընդմիջումից հետո դորտմունդցիները շատ արագ խփեցին երկրորդ գոլը, որն իր անվան դիմաց գրանցեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Երկրորդ խաղակեսում եւս Հենրիխ Մխիթարյանն ունեցավ գոլային պահեր, սակայն նրան չհաջողվեց դառնալ գոլի հեղինակ, իսկ «Բորուսիան» պահպանեց հաղթական հաշիվը:

D խմբի մյուս խաղում բելգիական «Անդերլեխտը» Ստամբուլում ոչ ոքի խաղաց թուրքական «Գալաթասարայի» հետ՝ հաղթանակը բաց թողնելով ավելացված ժամանակում՝ 1:1:

C խմբում ռուսական «Զենիթը» Լիսաբոնում 2:0 հաշվով պարտության մատնեց պորտուգալական «Բենֆիկային», իսկ «Մոնակոն» տանը հաղթեց Լեւերկուզենի «Բայերին»՝ 1:0:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր
D խումբ
«Բորուսիա» (Գերմանիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 2:0
Չիրո Իմոբիլե, 45, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 48

«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 1:1
Բուրակ Յիլմազ, 90+1 - Դենիս Պրաետ, 52

C խումբ
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 0:2
Հալկ, 5, Ակսել Վիտցել, 22
Հեռացում՝ Արտուր, 18 («Բենֆիկա»)

«Մոնակո» (Մոնակո) - «Բայեր» (Գերմանիա)՝ 1:0
Ժոաո Մոուտինյո, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս