17:19  ,  16 սեպտեմբերի, 2014

«Արսենալը» պաշտպանության կադրային խնդիրներով է ժամանել Դորտմունդ

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին հանդիպմանը Լոնդոնի «Արսենալը» Դորտմունդ է ժամանել հիմնական կազմի միայն երեք պաշտպաններով, գրում է The Guardian-ը։

Վնասվածքի պատճառով երկու ամսով խաղից դուրս մնացած Մաթյո Դեբյուշին չէր կարողանա մասնակցել «Բորուսիայի» դեմ հանդիպմանը որակազրկման պատճառով։ Եզրային պաշտպան Նաչո Մոնռեալը եւս վնասվածք ունի։ Կալում Չամբերսը տոնզիլիտի պատճառով չի կարողանա դուրս գալ խաղադաշտ։

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի տրամադրության տակ մնացել են Պեր Մերտեզակերը, Լորան Կոսելնին եւ Կիրան Գիբզը։ Գլխավոր թիմում ընդգրկվել է 19-ամյա աջ եզրային պաշտպան Էկտոր Բելերինը։ Չի բացառվում, որ պաշտպանություն տեղափոխվի հենակետային կիսապաշտպան Մաթյո Ֆլամինին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում