14:29  ,  16 սեպտեմբերի, 2014

Արսեն Ջուլֆալակյան. Տիգրան Մանսուրյանն ասաց, որ եզրափակիչիս ժամանակ արտասվել է, աննկարագրելի հպարտություն է

Այս աշխարհի առաջնությանը ես շատ լավ էի պատրաստված, մտքերը միայն հաղթանակի մասին էին: Պետք է խոստովանեմ, որ այս ոսկե մեդալը նվաճելուց առաջ, ավելի լարված էի մոտենում մրցումներին, իսկ հիմա համեմատաբար ավելի հանգիստ եմ։

Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը։

«Շուտով մեկնելու եմ Գերմանիա, որտեղ համեմատաբար ավելի հանգիստ է եւ պատրաստելու եմ ավարտական թեզս, որը հաջող հանձնելու դեպքում կդառնամ գիտությունների թեկնածու: Շուտով սկսվելու է Բունդեսլիգան, որտեղ 8 գոտեմարտի պայմանագիր  ունեմ: 

Աշխարհի առաջնության ժամանակ գերմանացիները ինձ աջակցում էին, մի ամբողջ տրիբունա բղավում էր «Արսեն, Արսեն»։ Սկզբում չէի հասկանում՝ ձայնը որտեղից է: Իրոք շատ հաճելի էր: Ճիշտ է ես ԵՊՀ ուսանող եմ եւ միշտ կապված եմ իմ բուհի հետ, բայց Սլավոնական համալսարանը հաճելի անակնկալ մատուցեց: Համալսարանի ռեկտոր պարոն Դարբինյանը հրավիրել էր իրենց համալսարանի 15-ամյակին եւ տարվա մարդ մրցանակաբաշխություն էր անցկացնում՝ տարբեր բնագավառներում: Կրկնակի հաճելի էր, երբ մրցանակ ես ստանում այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են, օրինակ, Սիլվա Յուզբաշյանը:

Ով հանդիպում է, շնորհավորում է ինձ եւ խնդրում նույնը փոխանցել նաեւ Արթուր Ալեքսանյանին: Երեկ հանդիպեցի ճանաչված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, ով ինձ ասաց, որ իմ եզրափակիչ գոտեմարտի ժամանակ արտասվել է: Աննկարագրելի հպարտություն է դա, երբ մեկը, ումով դու միշտ հպարտանում եւ մեծարում ես, այդպիսի ջերմ խոսքեր է ասում քեզ»,- ասել է Արսեն Ջուլֆալակյանը։

Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս