14:10  ,  16 սեպտեմբերի, 2014

Արթուր Ալեքսանյան. Ֆավորիտ լինելու մասին մտքերը չպետք է խանգարեն հաղթանակին

«Ինչպես ասում են մարզիչներս՝ աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր գոտեմարտ եզրափակիչ է»։ Այդ մասին ասել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ։

«Մինչեւ կիսաեզրափակիչ գոտեմարտս, որը իրանցի ըմբիշի հետ էր, տակտիկական գոտեմարտեր էի անցկացնում, որպեսզի ուժ խնայեմ, այդ պատճառով էլ ռիսկի չէի գնում: Ամենաբարդը, իհարկե իրանցի ըմբիշի հետ ստացվեց, ում պարտվել էի Օլիմպիական խաղերում: Տակտիկական սխալ թույլ տվեցի, բայց կարողացա հավաքվել եւ հաղթել:

Իսկ ինչ վերաբերում է գերմանացու հետ գոտեմարտին՝ անցյալ տարվա եզրափակիչի փորձն ունենալով՝ այս տարի նախընտրեցի ավելի շուտ ավարտել գոտեմարտը, որպեսզի հնարավոր սխալներից խուսափեմ: Առաջնության ժամանակ Ֆավորիտ լինելու մասին մտքերը չպետք է խանգարեն հաղթանակի հասնելուն:

Դրա մասին չպետք է մտածես, գոտեմարտերի ժամանակ պետք է կենտրոնանաս հենց դրա վրա՝ մոռանալով ամեն ինչ, միայն այդ դեպքում կարող ես հաղթել»,- ասել է Արթուր Ալեքսանյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում