13:50  ,  16 սեպտեմբերի, 2014

Լեւոն Ջուլֆալակյան. Արթուր Ալեքսանյանն ապացուցեց, որ իրենից գողացված ոսկե մեդալին ինքն իրոք արժանի է

«Կային մարդիկ, որ գիտեին Արթուր Ալեքսանյանի վնասվածքի մասին, սակայն նա հաղթահարեց այն, մեծ կամային որակներով հաղթեց բոլորին, ռեւանշ վերցրեց իրանցի մարզիկից, իսկ եզրափակիչում Արթուրը մեծ առավելություն ուներ գերմանացի մարզիկի նկատմամբ»։

Այդ մասին սեպտեմբերի 16-ին կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը՝ ամփոփելով Տաշքենդում կայացած աշխարհի առաջնության արդյունքները։

«Ռոման Ամոյանի համար այս քաշային կարգը նոր էր, նա սովոր էր գոտեմարտել 57 կգ քաշային կարգում եւ իրեն կայանալ էր պետք, սակայն ինքներդ էլ հասկանում եք, որ ավելի երիտասարդ տարիքում դա ավելի հեշտ է: Նրանից սպասելիքներ կային, բայց նա ծնկի վնասվածք ուներ եւ զգուշորեն էր մասնակցում: Սակայն, Ռոմանը չկարողացավ հանդես գալ այնպես, ինչպես սպասում էինք:

Միհրան Հարությունյանը երկար ժամանակ մեծ նվաճումներ չի ունեցել եւ նրա հետ շատ մեծ հույսեր չէինք կապում: Հաղթեց երկու գոտեմարտ, արեց այն, ինչ կարողացավ: Պարտվեց հունգարացի ըմբիշին, ով Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների բազմակի մեդալակիր է:

Ուրախացրեց ինձ Վարշամ Բորանյանը: Արդեն դուրս էր գալիս եզրափակիչ, սակայն լուրջ վնասվածք ստացավ եւ պարտվեց: Կարող էր բժշկի թղթով դուրս գալ, բայց նա չհամաձայնեց: Պայքարեց, բայց պարտվեց: Ամեն դեպքում՝ նրանից շատ գոհ եմ: 

Արսեն Ջուլֆալակյանը իդեալական մարզավիճակում էր գտնվում: Բոլոր գոտեմարտերն անցկացրել է բարձր մակարդակով: Հրաչ Հովհաննիսյանից շատ ժամանակ է սպասելիքներ ունենք, բայց հոգեբանական խնդիրների պատճառով նա չի կարողանում մրցումներում լավ հանդես գալ: Մարզումների ժամանակ հրաշալի վիճակում է, սակայն մրցումների ժամանակ չի գտնում այդ հաղթանակի բանալին:

Արթուր Շահինյանը լավագույն հնգյակի մեջ պետք է լիներ, սակայն ձախողեց հենց առաջին գոտեմարտը: Ինչ վերաբերում է Արթուրին, նա կարողացավ աշխարհին ապացուցել, որ արժանի է անցած տարի իրենից գողացած ոսկե մեդալին: Կային մարդիկ, որ գիտեին Արթուրի վնասվածքի մասին, սակայն նա վնասվածքը հաղթահարեց, մեծ կամային որակներով հաղթեց բոլորին, ռեւանշ վերցրեց իրանցի մարզիկից, իսկ եզրափակիչում Արթուրը մեծ առավելություն ուներ գերմանացի մարզիկի նկատմամբ:

Վաչիկ Եղիազարյանից շատ դժգոհ եմ, ավելի լավ է չունենալ ծանր քաշ, քան այդ կարգի մասնակցություն ունենալ: Եթե միջազգային մրցաշարերում արդյունք չունենա, ապա այդ քաշային կարգը կհանենք:

Մեր թիմը մարտական էր տրամադրված, սայթաքումներ, իհարկե, եղան, բայց սա սպորտ է։ Այս առաջնությունում միայն մենք ունենք երկու չեմպիոն, կարող էինք ունենալ նաեւ երրորդ մեդալը: Շնորհավորում եմ բոլորին: Ուրախ եմ, որ կարողացանք ուրախացնել հայ ազգին: Ինչ վերաբերում է ըմբշամարտի նոր կանոնադրությանը, փոփոխություններն իրոք դրական են: Անհամեմատ իդեալական կանոններ են: Մրցավարների սխալ դատելու հնարավորությունը նվազել է»,- ասել է Լեւոն Ջուլֆալակյանը։

Շուշանիկ Հակոբյան


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում