18:27  ,  15 սեպտեմբերի, 2014

ՀԱՕԿ փոխնախագահ. Այս երկու մեծ չեմպիոնները հույս են ներշնչում, որ 2016-ին կունենանք օլիմպիական չեմպիոններ

Այս երկու մեծ չեմպիոնները հույս են ներշնչում եւ մեզ մեծ հնարավորություն տալիս՝ հավատալու, որ 2016 թվականին Հայաստանը կունենա օլիմպիական չեմպիոններ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը՝ մեկնաբանելով Արսեն Ջուլֆալակյանի եւ Արթուր Ալեքսանյանի չեմպիոնությունը հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

«Մեծ հույս ու սպասելիքներ ունենք բոլորս, որ 2016-ին վերջապես կկոտրվի սառույցը եւ օլիմպիական ոսկին բաժին կհասնի նաեւ մեզ, 1996 թվականին Հայաստանի համար օլիմպիական ոսկի նվաճած Արմեն Նազարյանը չի լինի Հայաստանի  անկախության տարիների միակ օլիպիական չեմպիոնը: 13 տարի մենք չունեինք աշխարհի չեմպիոն, բայց այսօր այդքան տարի անց այս երկու երիտասարդները մեզ պարգեւեցին չեմպիոն ունենալու բերկրանքը: Այսօր Հայաստանում սպորտը մեծ քայլերով գնում է առաջ եւ ես վստահ եմ, որ նման նվաճումներ դեռ շատ կունենանք: Հասունացել էր ոսկե մեդալ նվաճելու պահը: Մենք քայլ առ քայլ գնացինք առաջ. սկզբից բրոնզ, հետո արծաթ եւ այժ ոսկի: Նույնը եւ օլիմպիական խաղերում է՝ բրոնզ ունենք, արծաթ ունենք եւ հաջորդը լինելու է ոսկին: Արթուր Ալեքսանյանը եւ Արսեն Ջուլֆալակյանը մեծ ուրախություն պարգեւեցին հայ ժողովրդին: Նրանց չեմպիոնական գոտեմարտերի ավարտից հետո ես ինձ զգացի ամենաերջանիկ մարդը»,- ասաց Դերենիկ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ Տաշքենդում ավարտված աշխարհի առաջնությանը մասնակցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 15-ի առավոտյան Ուզբեկստանի մայրաքաղաքից վերադարձավ Երեւան:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով