16:09  ,  15 սեպտեմբերի, 2014

Գեւորգ Ալեքսանյան. Աշխարհի առաջնությունում արեցի մի բան, ինչը ոչ մի անգամ չէի արել

Ես միշտ փորձում եմ իմ ապրումները ոչ մեկին չցուցադրել, երբ մրցագորգում իմ որդին է: Բայց աշխարհի առաջնությունում արեցի մի բան, ինչը չէի արել ոչ մի անգամ՝ բարձրացա գորգ եւ գրկեցի Արթուրին: Դա անբացատրելի եւ աննկարագրելի ապրում է, թե ինչ ես զգում, երբ քո սանը, քո աշակերտը, ով նաեւ քո որդին է, դառնում է աշխարհի չեմպիոն, առաջատարն է, աշխարհում ամենաուժեղը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայր եւ անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը:

«Սա մեր երկարատեւ ու քրտնաջան աշխատանքի արդյունքն էր: Ես Արթուրից դեռ անցյալ տարի էի սպասում աշխարհի առաջնության ոսկե մեդալ, բայց վրիպում թույլ տվեց եւ չկարողացավ նվաճել ոսկե մեդալը: Այս տարի նա ոչ մի վրիպում թույլ չտվեց, լիարժեք հաղթանակ տոնեց: Ես սպասում էի նրա հաղթանակին, գիտեի, որ այս տաարի նա կկարողանա նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Միայն ես չէի սպասում նրանից հաղթանակ, ամբողջ մարզչական կազմն էր սպասում:

Ես էմոցիոնալ մարդ չեմ, բայց ամեն անգամ երբ մրցագորգում բարձրացվում է իմ որդու ձեռքը որպես հաղթողի, հաղթանակի նշան, դժվարանում եմ էմոցիաներս զսպել, հանրությանը չներկայացնել, թե որքան երջանիկ եմ: Բայց այս անգամ, եզրափակիչ գոտեմարտում, ես այլեւս չկարողացա կառավարել ապրումներս, էմոցիաներս, զսպել ինձ:

Գոտեմարտի վերջում, երբ բարձրացա գորգ ու գրկեցի Արթուրին, նա ինձ ոչինչ չասաց: Արթուրը շատ զուսպ է: Մենք ոչինչ չասացինք իրար: Երկուսս էլ լուռ էինք, ասելու ոչինչ չկար, կարիք էլ չկար, ուղղակի վայելում էինք այդ պահը: Ես միայն երջանիկ եմ այս պահի համար»,- ասաց Գեւորգ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ աշխարհի 2014թ. առաջնության 98 կգ քաշայինների եզրափակիչում գյումրեցի ըմբիշը 55 վայրկյանում 8:0 հաշվով հաղթել էր գերմանացի Օլիվեր Հասլերին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով