01:11  ,  15 սեպտեմբերի, 2014

Արթուր Աբրահամ. Ըմբշամարտի արքա ես, Արթուր Ալեքսանյան

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին, ով սեպտեմբերի 14-ին առաջին անգամ հռչակվել էր աշխարհի չեմպիոն:

«Մինչ համայն հայությունը վայելում էր Արսեն Ջուլֆալակյանի հաղթանակի բերկրանքը, ահա ստեղծվեց երկրորդ նույնանման առիթը` մեր հայրենակից Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Անչափ ոգեւորող է նրա հաջողությունը եւ պարտավորեցնող այլոց համար` ապագա մրցումներում նման բարձունքներ նվաճելու համար: Շնորհավորում եմ Արթուրին եւ բոլորիս` այս մեծ հաղթանակի առթիվ: 

Հարգանքներս քեզ, Արթուր, դիտարժան մրցելույթ էր քո չեմպիոնական գոտեմարտը, դու ըմբշամարտի արքա ես, կեցցե'ս: Նոր հաղթանակների մաղթանքով եւ ընկերոջ անկեղծ ձեռքսեղմումով` Արթուր Աբրահամ»,- 34-ամյա բռնցքամարտիկի ուղերձը փոխանցում է նրա մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած աշխարհի առաջնության 98 կգ քաշայինների եզրափակիչում գյումրեցի ըմբիշը 55 վայրկյանում 8:0 հաշվով հաղթել էր գերմանացի Օլիվեր Հասլերին: Եզրափակիչի ճանապարհին Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ալեքսանյանը հաղթել էր Թուրքմենստանը ներկայացնող Արսլան Սապարմամեդովին (10:1), հունգարացի Ադամ Վարգային (2:0), բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին (1:0) եւ 2012թ. օլիմպիական չեմպիոն, իրանցի Ղասեմ Ռեզային, ում պարտվել էր Լոնդոնի Խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում