14:40  ,  14 սեպտեմբերի, 2014

Տաշքենդ. Վարշամ Բորանյանը ցավազրկումով կգոտեմարտի ադրբեջանցու հետ

Հայաստանը ներկայացնող Վարշամ Բորանյանը Տաշքենդում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 71 կգ քաշային կարգում ցավազրկումով կմասնակցի բրոնզե մեդալի համար գոտեմարտին, Ուզբեկստանի մայրաքաղաքից փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Կիսաեզրափակիչում Բորանյանը վնասվածքի պատճառով պարտվել էր Թուրքիան ներկայացնող Յունուս Օզելին: Հայ ըմբիշը, ստանալով վնասվածք, ցանկացել էր շարունակել գոտեմարտը, սակայն մրցավարները դադարեցրել էին այն: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Վարշամ Բորանյանը կհանդիպի ադրբեջանցի Ռասուլ Չունաեւի հետ:

Հիշեցնենք, որ մինչեւ կիսաեզրափակիչը Բորանյանը հաղթել էր իտալացի Վիտո Աբրեսկիային, ուզբեկ Դիլշոջոն Տուրդիեւին եւ ղազախ Դեմեու Ժադրաեւին:

Աշխարհի առաջնության վերջին օրը պայքարի մեջ մտած 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ, իսկ 59 կգ քաշային Ռոման Ամոյանը, 1/16 եզրափակիչում 0:3 հաշվով պարտվելով ռուսաստանցի Մինգիյան Սեմենովին, հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար եւ կմասնակցի սփոփիչ գոտեմարտերի:

Տաշքենդում մեդալների համար գոտեմարտերը կսկսվեն Երեւանի ժամանակով 17:00-ին:

Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում