13:24  ,  14 սեպտեմբերի, 2014

Տաշքենդ. Արթուր Ալեքսանյանը հաղթեց օլիմպիական չեմպիոնին եւ դուրս եկավ եզրափակիչ (ֆոտոշարք)

Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ:

98 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում գյումրեցի ըմբիշը 3:1 հաշվով հաղթեց 2012թ. օլիմպիական չեմպիոն, իրանցի Ղասեմ Ռեզային՝ ռեւանշի հասնելով Լոնդոնի Խաղերում կրած պարտության համար: Արթուր Ալեքսանյանը երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ կմրցի գերմանացի Օլիվեր Հասլերի հետ:

Նախորդ 3 գոտեմարտերում Ալեքսանյանը պարտության էր մատնել Թուրքմենստանը ներկայացնող Արսլան Սապարմամեդովին, հունգարացի Ադամ Վարգային եւ բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ էր մտել նաեւ Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը, ով 59 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում 0:3 հաշվով պարտվել էր ռուսաստանցի Մինգիյան Սեմենովին: Քանի որ ռուսաստանցի ըմբիշը նվաճեց եզրափակիչի ուղեգիր, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար եւ կմասնակցի սփոփիչ գոտեմարտերի: 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի թուրք Յունուս Օզելին: 

Տաշքենդում մեդալների համար գոտեմարտերը կսկսվեն Երեւանի ժամանակով 17:00-ին:

Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում