13:07  ,  14 սեպտեմբերի, 2014

Տաշքենդ. Արթուր Ալեքսանյանը եւ Վարշամ Բորանյանը կիսաեզրափակիչում են (ֆոտոշարք)

98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը նվաճեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր:

Քառորդ եզրափակիչում Եվրոպայի եռակի չեմպիոնը 1:0 հաշվով դժվարին հաղթանակ տարավ բելառուս Ալեքսանդր Հրաբովիկի նկատմամբ: Նախորդ 2 գոտեմարտերում Ալեքսանյանը պարտության էր մատնել Թուրքմենստանը ներկայացնող Արսլան Սապարմամեդովին եւ հունգարացի Ադամ Վարգային: Կիսաեզրափակիչում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը կհանդիպի Լոնդոնի օլիմպիական չեմպիոն, իրանցի Ղասեմ Ռեզայի հետ: Լոնդոնում  Ռեզային հաղթել էր գյումրեցի ըմբիշին:

Երրորդ հաղթանակը տարավ նաեւ 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը, ով 1/4 եզրափակիչում 2:1 հաշվով պարտության մատնեց ղազախ Դեմեու Ժադրաեւին: Նախորդ 2 գոտեմարտերում հայ ըմբիշը հաղթել էր իտալացի Վիտո Աբրեսկիային եւ ուզբեկ Դիլշոջոն Տուրդիեւին:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ էր մտել նաեւ Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը, ով 59 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում 0:3 հաշվով պարտվել էր ռուսաստանցի Մինգիյան Սեմենովին:

Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)

Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը

 

Վարշամ Բորանյանի գոտեմարտը


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում