11:17  ,  10 սեպտեմբերի, 2014

Արայիկ Բաղդադյան. Դավիթ Սաֆարյանը ոչ թե մտածում էր ինչպես հաղթել, այլ՝ ինչպես չպարտվել

Դավիթ Սաֆարյանն աշխարհի գործող չեմպիոն էր, հենց այդ պատասխանատվությունը խանգարեց նրան: Դավիթը ոչ թե մտածում էր՝ ինչպես հաղթել, այլ՝ ինչպես չպարտվել: Իսկ երբ մարզիկը սկսում է այդ կերպ մտածել, պարտվում է:

Այս մասին Թաշքենդում NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը՝ ամփոփելով Ուզբեկստանի մայրաքաղաքում ավարտված աշխարհի առաջնությունը, որում հայ 5 ըմբիշները մեդալ չնվաճեցին:

Պարոն Բաղդադյան, աշխարհի առաջնության ամփոփումը սկսենք մրցավարական սխալներից, որոնք եղան Մուսա Մուրթազալիեւի եւ Գրիգոր Գրիգորյանի գոտեմարտերում: Ըստ Ձեզ՝ մեր ըմբիշների դեմ հատուկ տրամադրվածություն կա՞ր:

Չեմ կարող ասել, որ որեւէ միտում կար: Մուսա Մուրթազալիեւի դեպքում բոլոր մասնագետները 99,9 տոկոսով հաստատում են, որ սխալ է եղել, եթե մեր մարզասերները դիտել են գոտեմարտը, հաստատ տեսած կլինեն: Եթե ճիշտ միավոր տային, Մուսան հաստատ շատ ավելի առաջ կգնար: Նույնն էլ Գրիգոր Գրիգորյանի դեպքում: Չեմ ասում, որ նա չեմպիոն կդառնար, սակայն նրա խմբում այնպիսի մրցակիցներ էին, որոնց նա նախկինում հաղթել էր: Չեմ ցանկանում ամբողջ մեղքը մրցավարների վրա բարդել՝ ասելով, որ սա այսպես չլիներ, նա այնպես չլիներ եւ այլն: Սա սպորտ է:

Գնահատեք մեր մարզիկների ելույթները, ի՞նչն էր պակասում կամ ի՞նչը խանգարեց նրանց:

Տղաները սպասվածից շատ ավելի վատ հանդես եկան: Մեր մարզիկներին շատ բարդ մրցակիցներ բաժին հասան: Չի եղել մի մարզիկ, որ մտածես հեշտ հաղթահարելի է: Ես բոլորից դժգոհ եմ, չկա մի ըմբիշ, ումից գոհ լինեմ: Իր ուժերի չափով փորձեց գոտեմարտել Վոլոդյա Ֆրանգուլյանը, սակայն ռուս ըմբիշը շատ փորձառու էր: Տղաներն էլ իրենց տեղը դեռ չեն կարողանում գտնել: Այսօր խոսում էի հավաքականի մյուս մարզիչի հետ՝ հասկանալու, թե որտեղ ենք սխալվել, ի՞նչն էր պակաս, ի՞նչն էր վատ: Մենք ամեն ինչ արել եք ծրագրվածի պես, բոլոր հավաքները, մարզումները, մրցումները: Չհասկացանք, թե ինչ եղավ: Վերջին չորս տարիներին Դավիթ Սաֆարյանը գորգից այդքան դուրս չէր եկել, իսկ այսօր մրցակիցը նրան 4-5 անգամ հրեց եւ դուրս հանեց գորգից: Հարցնում եմ Դավիթին՝ ինչն է պատճառը, պատասխանում է, որ չէր հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ:

Գուցե պատճառը վնասվածքներից վերականգնվելու համար բաց թողած ժամանա՞կն էր:

Դա էլ կա, եթե այսօր մարզիկը 6-7 ամիս մեծ սպորտից դուրս լինի, արդյունքն այսպիսին պետք է լինի: Չնայած նա բոլոր հավաքներին մասնակցել է, մարզվել է, միջազգային մրցաշարերին մասնակցել է, բայց մրցակցային փորձի պակասն էլ զգացվեց: Բացի այդ, Դավիթն աշխարհի գործող չեմպիոն էր, հենց այդ պատասխանատվությունը խանգարեց նրան: Սաֆարյանը ոչ թե մտածում էր՝ ինչպես հաղթել, այլ՝ ինչպես չպարտվել: Իսկ երբ մարզիկը սկսում է այդ կերպ մտածել, ապա պարտվում է: Չեմ ցանկանում պատճառաբանել՝ թեթեւ մրսածություն, գրիպ: Ո՛չ, թող չհիվանդանար, թող իրեն այնպես պահեր, որ չմրսեր: Այսօր, երբ մարզիկը հիվանդանում կամ վնասվածք է ստանում մարզումների ժամանակ, դա իր իսկ անփութության եւ անզգուշության պատճառն է: Սակայն այս առաջնության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, երկար ժամանակ ես այս ամենը կվերլուծեմ:

Պարոն Բաղդադյան, գուցե թիմին արմատական փոփոխություններ են պետք: Օրինակ՝ նոր անուններ, թեկուզ այլ երկրներից, չէ՞ որ դա ընդունված է ըմբշամարտում:

Այո, այսօր ունենք քաշային կարգեր, որոնք դատարկ են: Մեզ առաջին հերթին օլիմպիական վարկանիշ եւ մեդալ է պետք: 74, 86 եւ 97 քաշային կարգերում մենք լուրջ խնդիրներ ունենք: Կբերենք դրսից ըմբիշների, մրցակցություն կլինի, որի արդյունքում կընտրվեն լավագույնները: Դրսից հրավիրվածները ոչ մի արտոնություն ու առավելություն չեն ունեցել: Հայաստան վերադառնալուց հետո կզբաղվենք դրանով:

Աշխարհի առաջնությունն ավարտվեց, ի՞նչ է անելու ազատ ոճի ըմբշամարտի  Հայաստանի հավաքականն առաջիկայում:

Տղաները 10-15 օր կհանգստանան, կմարզվեն իրենց մարզիչների հետ: Այնուհետեւ կսկսենք մասնակցել միջազգային մրցաշարերի:

Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում