16:40  ,  7 սեպտեմբերի, 2014

Դանիացիները սպասում են միայն 5:0 հաշիվ

Կիրակնօրյա առավոտը կրկին հիանալի է Կոպենհագենում: Սա երկրորդ անգամն է, որ ես այցելում եմ այս գեղեցիկ քաղաքը: NEWS.am Sport-ը Հայաստանի հավաքականի բոլոր արտագնա հանդիպումները լուսաբանում է դրսից: Ամենահիշվողն ինձ համար կա ու, երեւի, կմնա 2013-ի Դանիայի նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակը: Մեկ տարի անց էլ այս հյուսիսային քաղաքը գրեթե ոչնչով չի փոխվել: Ուրբաթ եւ շաբաթ օրերին քաղաքը եռում է երիտասարդությամբ, ովքեր ժամանում են այստեղ հիմնակնում սկանդինավյան երկրներից: Մարդիկ բարեհամբույր են, գները՝ շատ բարձր: Միայն մեկ բան է ավելացել անցյալ տարվա իմ հիանալի հիշողություններին: Այս տարի բոլորը մեզ ճանաչում են. «Ահ, դուք Հայաստանից եք եկել: Ի՞նչ հաշիվ է սպասվում այս խաղին»: Եթե նախորդ տարի ես մեկ ժամ բացատրում էի Հայաստանի աշխարհագրական դիրքն ու պատմությունը, ապա այս անգամ պարզապես ասում եմ «Արմենիա» եւ զգում, թե ինչպես է փոխվում բոլորի վերաբերմունքը: Իրականում այս ամենի մեջ չափազանցություն չկա: Դանիացիները դեռ հիշում են նախորդ տարվա ցավալի պարտությունը: Երեկ ինձ մոտեցան դանիական հեռուստաընկերության լրագրողները եւ խնդրեցին հարցազրույց տալ: Ես կարծեցի, թե կխոսեն այս ընտրական փուլից, մեր նոր մարզիչից, բայց հարցը մեկն է՝ ինչ են հայերը խոսում նախորդ տարվա պարտության մասին: Նախորդ տարվա հետ զուգահեռներ տանելու շատ առիթներ կան: Նաեւ այն, որ անցյալ տարի թիմը ժամանեց Կոպենհագեն Մալթայից կրած պարտությունից հետո: Ոչ ոք չէր հավատում, որ հայերը կարող են հաղթել: Այժմ էլ մենք պարտվել ենք Լատվիային: Այստեղ գերմանացիներից մեկի հետ զրուցելիս ասացի, որ Հայաստանն, իհարկե, ի զորու է հաղթել Դանիային: Նա քմծիծաղ տվեց: Լատվիային պարտվել եւ հաղթել Դանիային: Դժվար էլ կարողանայի նրան բացատրել, որ հայերը Ռոբին Հուդի պես միավորները վերցնում են ուժեղներից եւ տալիս են թույլերին:

Այո, Հայաստանի հավաքականն ունի կադրային մեծ կորուստներ: Լատվիայի հետ խաղում տեսանք, որ անգամ երեք կենտրոնական պաշտպանով խաղալիս մենք թույլ էինք տալիս մանկական սխալներ: Առանց Յուրա Մովսիսյանի գոլային պահեր իրացնելու հավանականությունը առնվազն երկու անգամ նվազում է: Չկա Կառլեն Մկրտչյանը, ով Դանիայի հետ նախորդ խաղի կարեւորագույն ֆուտբոլիստնեից մեկն էր: Էլ չխոսենք Արասի մասին, ով այդ խաղում պարզապես փայլեց: Կադրային առումով այսօր հավաքականը զիջում է Կոպենհագենում հաղթած թիմին: Ինչպես խաղից առաջ ասաց Բեռնար Շալանդը, կարեւորը ոչ թե խաղային սխեման է, այլ թիմի միասնական լինելն ու ոգին: Ամենայն հավանականությամբ, մեկնարկային կազմը կլինի Լատվիայի դեմ խաղի պես՝ բացառությամբ Ռոբերտ Արզումանյանի, ով հավանաբար կփոխարինի Տարոն Ոսկանյանին: Դանիացիները նույնպես ունեն խնդիրներ: Այսօր դանիացի լրագրողներն ասացին, որ Դանիել Ագերի՝ խաղին մասնակցելը գրեթե անհնար է՝ նրա վնասվածքը ավելի չբարդացնելու համար: Ագերի փոխարեն Բենդտներն է դանիացի երկրպագուներին խոստացել ուղղել նախկին սխալները: Նախախաղային մամուլի ասուլիսին Դանիայի թիմի մարզիչ Մորտեն Օլսենն ասաց, որ Հայաստանին հաղթելը հեշտ չի լինի: Ահնար է կանխատեսել Հայաստանի ընտրած մարտավարությունն այս խաղում: Ըստ մարզիչի՝ Հայաստանը հրաշալի երկիր է, որն արժանի է մեծ հարգանքի, իսկ Հայաստանի հավաքականին թերագնահատել չի կարելի: Եթե Օլսենը համեստ է արտահայտվել, ապա, լրագրողների հավաստմամբ, ընդհանուր տրամադրվածությունն ավելի մարտական է: Միայն 5:0 հաշիվը կարող է մեղմել դանիացի երկրպագուների ցավը: «Մենք հաղթեցինք Երեւանում, բայց դա այն չէր: Իսկական վրեժ կլինի, եթե մենք հաղթենք ձեզ այստեղ, բայց միայն ջախջախիչ հաշվով»,- ասում են դանիացիները:

Մերձֆուտբոլային տրամադրությունը քիչ պակաս հետաքրքիր չէ: Երեկոյան Կոպենհագենով զբոսնելիս մի պահ թվաց, թե Երեւանում եմ: Հայերը եկել են այստեղ տարբեր երկրներից: Ես արդեն հասցրեցի ծանոթանալ Լիբանանի, Բելգիայի, Լոնդոնի, Շվեդիայի հայերի հետ, ովքեր հատուկ եկել են այս խաղը դիտելու համար: Այստեղ են նաեւ հավաքականի արտագնա խաղերի ամենամոլի երկրպագուները՝ Վահագ Հովհաննիսյանն ու Դավիթ Մարկոսյանը, ովքեր իրենց հերթին դարձել են Հայաստանի արտագնա խաղերի երկրպագուական ոգին ու թալիսմանը: Այստեղ է նաեւ ՖԱՖ-ը, որի համար սա հոբելյանական 10-րդ արտագնա հանդիպումն է: Մի խոսքով՝ բոլորն այստեղ են, մնում է ժամեր անց բոլորը լինեն խաղադաշտում, բոլոր նրանք, ովքեր պետք են, ովքեր կարող են...

Այս օրերին ինձ միայն մեկ հարց են հղում տարբեր երկներում աշխատող գործըկերները: Արդյո՞ք ես հավատում եմ, որ Հայաստանն այս կազմով կարող է հաղթել Դանիային: Անկեղծ ասած, այդ հարցից արդեն հոգնել եմ, բայց կրկին հիշեմ իմ նախորդ տարվա խոսքերը՝ Կոպենհագենը հեքիաթային քաղաք է: Այստեղ հրաշքներ լինում են: Ես մեկ անգամ արդեն տեսել եմ դա:

Վերա Մարտիրոսյան՝ Կոպենհագենից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում