19:11  ,  2 սեպտեմբերի, 2014

Բեռնար Շալանդ. Մենք պետք է լինենք խենթ, հիմարություն կլինի խաղալ պաշտպանությունից

«Այս խաղը մեզ համար շատ լավ հնավորություն է: Շատ ուրախ ենք այստեղ լինելու համար:
Իմաստ չկա, որ խաղանք պահեստայիններով կամ առաջին խաղակեսից հետո փոխարինենք 7 ֆուտբոլիստների: Բայց այս խաղը շատ կարեւոր է մեզ համար՝ Դանիայի հետ հանդիպումից առաջ»:

Այդ մասին Լատվիայի հետ ընկերական խաղին նվիրված մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, Ռիգայից հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

«Հնարավոր է, որ այս խաղում հնարավորություն տանք մի քանի ֆուտբոլիստի: Մենք պետք է հանդես գանք որպես լավ թիմ, խաղանք որակավորման փուլի համար: Սա կարեւոր հանդիպում է: Տեսել եմ Լատվիայի վերջին խաղերը Էստոնիայի եւ Լիտվայի դեմ: Ուսումնասիրել եմ Լատվիան: Լավ թիմ է: Իհարկե դա Գերմանիան, Արգենտինան կամ Հոլանդիան չէ, բայց դուք լավ թիմ ունեք: 

Ռոբերտ Արզումանյանի հետ մեր բժիշկները աշխատում են: Վաղը նա չի խաղա, բայց հույս ունենք. որ կիրակի կկարողանա: Լեւոն Հայրապետյանը խաղում է երկրորդ թիմում: Էդգար Մանուչարյանը նույնպես խաղային պրակտիկա ունի: Կարլեն Մկրտչյանի եւ Արթուր Սարկիսովի մոտ խաղային պրակտիկայի խնդիր կա: Հենրիխ Մխիթարյանը վաղը հանդես կգա առաջին րոպեներից: Մենք ունենք Արաս Օզբիլիզի եւ Յուրա Մովսիսյանի նման ֆուտբոլիստներ: Առանց նրանց դժվար է լինելու: Կա՛մ պետք է լացեմ, կա՛մ ուրիշներին հնարավորություն տամ: Ես վստահում եմ մյուսներին: Նրանք կարող են լավ խաղալ:

Մաուրո Գեւգեոզյանի հետ խնդիր կա: Նա հանդես է գալիս Հարավային Ամերիկայում, եւ նրա գալը մեծ խնդիր էր: Նա վիզա պետք է ստանար, հետո երկար ճանապարհ անցներ: Ցավոք, չկարողացանք պայմանավորվել նրա հետ: Առաջիկա խաղերին նա չի մասնակցի։

Ես հարգում եմ Լատվիայի թիմը: Գիտեմ՝ մեզ վաղը հեշտ խաղ չի սպասվում: Եթե մենք կարողանանք ավելի հարձակողական խաղալ, դա մեզ համար լավ կլինի: Բայց Դանիայում այլ խաղ կլինի: Ֆրանսիա մեկնելու համար մենք չպետք է մտածենք 0։0 խաղալու մասին: Մեզ պետք են միավորներ: Նախորդ որակավորման փուլում Հայաստանը շատ լավ էր հանդես գալիս, բայց դա բավական չէր, իսկ ես ցանկանում եմ ռիսկի գնալ: Մենք պետք է լինենք խենթ: Խենթ լինելը՝ մտածելակերպի փոփոխությունն է: Մենք պետք է ռիսկի գնանք մարտավարության հետ կապված հարցերում: Հիմարություն է, որ մենք պարզապես ասենք պետք է լինել խենթ եւ խաղանք պաշտպանությունում: Ես միայն մարզիչ եմ, ու ես չեմ դուրս գալիս խաղադաշտ: Թիմն է որոշում խաղը: Ես միայն կրակ բերողն եմ: Դանիայի հետ խաղում պետք է մեր թիմին լավ ճանաչել, սա առաջին հանդիպումն է»,- ասել է շվեյցարացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 1-ին ժամանել է Ռիգա, որտեղ արդեն անցկացրել է առաջին մարզումը: Հայաստանի եւ Լատվիայի միջեւ հանդիպումը կկայանա Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 21:45-ին: Խաղը կսպասարկի լիտվական մրցավարական բրիգադը՝ 36-ամյա Գեդիմինաս Մաժեյկայի գլխավորությամբ:

Վերա Մարտիրոսյան՝ Ռիգայից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով